211652_close_icon
views-count919 դիտում article-date 20:21 26-06-2024

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լատվիայի նախագահին ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ցուցաբերած աջակցության համար

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 26-ին հանդիպել է նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավերներից մինչեւ Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի կոնկրետ ասպեկտներ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լատվիայի նախագահին Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ցուցաբերած աջակցության համար, ինչին ի պատասխան՝ Էդգարս Ռինկեւիչսն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների մերձեցման, ինչպես նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցերում:

Ալեն Սիմոնյանը Լատվիայի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նշելով, որ այն մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն: Լատվիայի նախագահն էլ իր հերթին հույս է հայտնել, որ մոտ ապագայում, ի վերջո, կհաջողվի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքել, որն էլ կերաշխավորի տարածաշրջանի հարատեւ խաղաղ զարգացումը:

Քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր