211652_close_icon
views-count1051 դիտում article-date 14:46 26-06-2024

«Չկա հասարակություն եւ երկիր, որտեղ անձինք չեն օգտագործում թմրամիջոցներ». ՀՀ քննչական կոմիտեի վարչության պետ

«Յուրաքանչյուր մարմին, որ պայքարում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ օգտագործման դեմ, ցանկանում է իր ուժերի ներածին չափով նշված խնդրի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնել» ,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը:

Նա որոշ վիճակագրական տվյալներ նշեց. «2022թ Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2266 դեպք, մինչդեռ 2023թ դեպքերը աճել են 123,7 տոկոսով,եւ արձանագրվել է 5070 դեպք: Նշված դեպքերից 2802-ը վերաբերել են թմրամիջոցների ապօրինի իրացմանը… Մեծ թիվ են կազմել համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը»:

Հովհաննես Համբարյանը 2024թ առաջին եռամսյակի պատկերն էլ ներկայացրեց. «2024թ առաջին եռամսյակում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1130 դեպք՝ նախորդ տարվա նույն շրջանի 981-ի դիմաց, ինչը նշանակում է, որ աճը կազմել է 14,1 տոկոս»: Ընդգծեց, որ ունեն թվերի աճ՝ պատասխանատվության ենթարկված անձանց վերաբերյալ, եւ եթե 2023թ առաջին եռամսյակում քրեաիրավական պատասխանատվության է ենթարկվել 144 անձ, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 301 անձ: Վարչության պետը հավելեց, որ 2024թ առաջին եռամսյակում արձանագրվել է աճ՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող թմրամիջոցների առումով: Եթե անցյալ տարվա նույն ժամանակահատվածում նման 26 դեպք էր գրանցվել, ապա այս տարվա առաջին եռամսյակում այդ դեպքերի թիվը հասել է 182-ի:

Համբարյանի խոսքով, օրինակ` անցյալ տարի ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 1105 գործ է դատարան է ուղարկվել՝ 1307 անձի վերաբերյալ, ինչը նրա ձեւակերպմամբ, կապված է աշխատանքի արդյունավետության եւ դեպքերի բացահայտելիության հետ:

«Չկա հասարակություն եւ երկիր, որը չի առնչվում նշված խնդրի հետ եւ որտեղ անձինք չեն օգտագործում թմրամիջոցներ: Իսկ դեպքերի թվի աճը, բնականաբար, անհանգստացնող է, եւ դրանից ելնելով էլ ձեռնարկվել են միջոցառումներ, ուժեղացվել է դրա դեմ պայքարը»,-ասաց Հովհաննես Համբարյանը: 

ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանն ասաց, որ անցյալ տարի իրենց կենտրոնում բուժում է ստացել 2125 բուժառու, որոնցից 210-ը թմրամիջոցներով պայմանավորված հիվանդություններով, մնացածը՝ ալկոհոլով:

«Ցավալիորեն որոշակի աճ կա թմրամիջոց գործածողների թվաքանակի, դիմելիության: Բացահայտումները եւ դիմելիությունը պայմանավորված են երկու հանգամանքով՝ եւ թմրամիջոցների գործածության տարածման աճով, եւ մեր կենտրոնի պայմանների բարելավմամբ: Նարկոլոգիական բուժումը որոշակի պահանջարկ ունի»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր