211652_close_icon
views-count1825 դիտում article-date 18:52 25-06-2024

Համաշխարհային ռեկորդ. Էքստրեմալ մարզիկ Վարազդատ Հակոբյանը ինքնաթիռ է տեղաշարժել

Զվարթնոց օդանավակայանում էքստրեմալ մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ՝ տեղափոխելով վառելիքով լիցքավորված 40 տոննա կշռող ինքնաթիռ /երկարությունը 31 մ/։ Մարզիկը ձեռքերին ամրացված ճոպանի միջոցով տեղափոխել է «Շիրակ ավիա» ավիաընկերության Boeing 737-500 ինքնաթիռը 1 մետր 87 սմ՝ 15 վայրկյանում։
 
Ավելի վաղ՝ մարզիկը այլ ռեկորդ էլ է սահմանել՝ չորս բեռնատար հարթակների /վագոնների/ տեղաշարժը` 84 տոննա ընդհանուր քաշով։
 
Այս ուժեղ մարզիկը ծնվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։ Նրա համար ամենագլխավորը օրվա ընթացքում բավականաչափ մարզումներն են։ Նպատակին հասնելու համար ներդնում է մեծ ջանք և եռանդ։
 
Դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիա ՀԿ նախագահ Վարդան Թովմասյանի խոսքով, մարզիկը այս  ռեկորդին պատրաստվել է շատ երկար ժամանակ.
 
«Վերջապես գրանցվեց աննախադեպ ռեկորդը։ Նա Զվարթնոց օդանավակայանում տեղաշարժեց 40 տոննա կշռող Boeing 737-500 ինքնաթիռը՝ 1 մետր 87 սմ։
 
Ի դեպ, սա Հայաստանի Հանրապետությունում նման առաջին ռեկորդն էր»,- ասաց Վ. Թովմասյանը։
 
Նշենք, որ Վարազդատ Հակոբյանը բազմաթիվ ռեկորդների հեղինակ է։ Նա ունեցել է այնպիսի նվաճումներ, ինչպիսիք են բեռնատար վագոնների, մեքենաների տեղաշարժը, ծանրաձողով ռեկորդներ, ինչպես նաև տարբեր հեռավորություններից գնդակի նետում բասկետբոլի զամբյուղի մեջ` գիրք ընթերցելով, մեջքով շրջված, 3-ից 9 գնդակ միաժամանակ և այլ ռեկորդներ։
 
Վարազդատ Հակոբյանը ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն է, ՀՀ  Դյուցազնագրքի բազմակի չեմպիոն, ՀՀ և միջազգային կարգի սպորտի վարպետ, Սևան համայնքի ավագանու անդամ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր