211652_close_icon
views-count410927 դիտում article-date 00:07 12-06-2024

Մարտաֆիլմ հիշեցնող կրակnցներ՝ Երևանում․ «Toyota Land Cruiser»-ի վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, 2 վիրավորներից մեկը, ով քրեական հեղինակություն «Ֆազն» է, հիվանդանոցում մաhացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շինարարների փողոցում հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  կրակոցների հետեվանքով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 հոգի։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետի առաջին տեղակալ Վարդան Վարդանյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանը և նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլղաթյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել նաև Երևան քաղաքի դատախազի տեղակալ Արսեն Վարդանյանը, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Ժորա Թովմասյանը և դատախազի տեղակալ Էդիկ Հովհաննիսյանը։

Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի,վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել են ու երթևեկությունը նրանց կողմից դադարեցվել է։  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջն արնանման հետքեր։ Նշված «Toyota»-ն բախվել է նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի, «Opel»-ն էլ բախվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի, «Toyota»-ն էլ բախվել է մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենային։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Էդգար Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարեվոր գործերով ավագ  քննիչ Պոդոսյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև մի քանի փորձաքրեագետներ։

Մինչ դեպքի վայրում իրավապահները աշխատում էին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ, 44-ամյա Սերգեյ Գրիգորյան է, ով Չերեմուշկայում հայտնի քրեական հեղինակություն «Ֆազն» է, իսկ վիրավորը Երևանի բնակիչ 36-ամյա Բորիս Սիմոնյանն է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 577+
577+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր