211652_close_icon
views-count601 դիտում article-date 17:19 10-06-2024

ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը․ մենք նման օրակարգ չունենք․ Կոնջորյան

Ընդդիմությունը ուղերձի նախագծով արտահերթ նիստի առաջարկ էր ներկայացրել, որը իրավունքի ուժով պետք է գումարվի, եթե չեմ սխալվում, ամսի 17-ին, առաջարկ կար, որ դա տեղի ունենա ավելի շուտ, խորհուրդը չընդունեց այդ առաջարկը։ Այս մասին ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմության միջնորդությանը՝ արտահերթ նիստ հրավիրել՝ կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով։

Կոնջորյանը հավելեց, որ կառավարող ՔՊ խմբակցությունը ամբողջական խորհրդի կազմով դեմ քվեարկեց այդ նախագծին։

Հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ, նա պատասխանեց․ «Ուղերձի տեքստում 2 հատված կա․ կան հարցեր, որոնք քաղաքական բնույթի են՝ վերաբերվում են անվտանգային հարցերին՝ սահմանազատմանը, սահմանագծմանը և այլն։

Ես առաջարկեցի, որ մեր գործընկերները գան և վաղը մեկնարկող քառօրյայի ընթացքում հարցերը կքննարկենք և թող գան օգտվեն կառավարության հետ հարցուպատասխանի հնարավորությունից ու այդ իրենց բոլոր մտահոգություններն ուղղեն ՀՀ ընտրված վարչապետին և կառավարությանը։ Մյուս հատվածով այս ուղերձում տեղ գտած հարցի մասով մենք նման օրակարգ չունենք»։

Նա ևս մեկ անգամ նշեց, որ հունիսի 17-ին իրավունքի ուժով գումարվելու է արտահերթ նիստ։ «Այդ արտահերթ նիստը կարող է տեղի ունենալ, կարող է տեղի չունենալ, նորից նշեմ՝մենք նման օրակարգ չունենք, հետևաբար այդ օրակարգը մեզ համար քննարկելի չէ»,- եզրափակեց նա։

Նմանատիպ նյութեր