211652_close_icon
views-count784 դիտում article-date 18:20 07-06-2024

Կմշակվեն բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ծախսերի հաշվարկման մեթոդական ցուցումներ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը հունիսի 7-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։

Ինչպես տեղեկանում ենք Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հուշագիրը ստորագրել են կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մամասախլիսովը։

Համագործակցության շրջանակում փորձագետների ներգրավմամբ մշակվելու են մեթոդական ցուցումներ բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ծախսերի հաշվարկման համար։ Քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատվելուց հետո մեթոդական ցուցումները տրամադրվելու են շենքերի կառավարիչներին և համայնքներին՝ իրենց կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանմանն ուղղված ծախսերի պլանավորման և բյուջետավորման նպատակով:

Կոմիտեի նախագահը վստահություն է հայտնել, որ այս նախաձեռնությունը կարևոր քայլ կլինի բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծման ճանապարհին։ Խոսելով բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների լուծման առաջիկա նպատակներից՝ նա ընդգծել է համատեղ աշխատանքով դրանք իրագործելու կարևորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել Քաղաքաշինության կոմիտեի հետ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի արդյունավետ համագործակցությանը, որի արդյունքում իրականացվել են բազմաբնակարան շենքերին առնչվող օրենսդրական բարեփոխումներ, շենքերի էներգաարդյուանվետության բարձրացմանն ուղղված և ոլորտային տարբեր նախաձեռնություններ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործակցությունը՝ դիտարկելով նաև նոր ուղղություններ։

Նմանատիպ նյութեր