211652_close_icon
views-count61906 դիտում article-date 23:47 29-05-2024

Լարված իրավիճակ Արմավիրի մարզում. ոստիկանները 5 ժամ բանակցել են կասկածյալի հետ, ապա վնասազերծել. հնչել են կրակոցներ. օպերացիան ղեկավարել են մարզի ոստիկանապետի Ժ/Պ-ն և Արմավիրի բաժնի պետը, իսկ ՊԾ գումարտակի հրամանատարը մնացել է «վերմակի տակ»․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները մեկնել են Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկը, քանի որ տեղեկություն են ստացել, որ Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Գոռ Վարդանյանը թաքնվում է նշված տանը։

Ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները, մոտ 5 ժամ բանակցություններ են վարում Գ. Վարդանյանի հետ, որպեսզի նա ենթարկվի ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, դուրս գա տան նկուղից և իրենց հետ մեկնի ոստիկանության Արմավիրի բաժին։

5 ժամ բանակցություններ վարելու ընթացքում Գ. Վարդանյանը մի քանի կրակոց է արձակում, ի վերջո, առավոտյան 09:00-ի սահմաններում ոստիկաններին հաջողվում է վնասազերծել նրան և տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին։

Արդեն տեղում նրա մոտ հայտնաբերվում է ինքնաշեն եղանակով պատրաստված երկփողանի ինքնաձիգի փամփուշտ կրակելու համար նախատեսված՝ հրազենի նմանվող առարկա, որի 2 փողերի մեջ փորձաքրեագետը հայտնաբերում է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ։ Իսկ զինվորական վերնազգեստի գրպանում հայտնաբերվում են 11 հատ ինքնաձիգի փամփուշտ, գաղտնի փականով դանակ, սև գույնի կպչուն ժապավեն և այլ իրեր։

Ոստիկանության Արմավիրի բաժնում Գ. Վարդանյանը հայտնում է, որ այդ ամենն իրենն են, ինքնաշեն հրազենի նմանվող առարկան և երկաթե գլանակը ինքն է պատրաստել՝ ինքնաձիգի և գազային ատրճանակի փամփուշտներ կրակելու համար։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան իրականացրել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։

Այդ վտանգավոր օպերացիային ներգրավված են եղել նաև ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի պարեկները, սակայն գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանը, ով արդեն պարեկային ծառայությունում երկրորդ մականունն է ստացել՝ «Սոկրատ», չի բարեհաճել լինել իր աշխատակիցների կողքին, քանի որ ամեն պահի հնարավոր էր կրակոցների արդյունքում նաև պարեկներ տուժեին։

Իսկ նա, որ անգամ մեկ օրում իրեն սպասարկող տարածքում փախուստով մահվան ելքով վրաերթ և մահվան ելքով ավտովթար էր տեղի ունեցել, դարձյալ չի փորձել մեկնել դեպքի վայր։

Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր