211652_close_icon
views-count868 դիտում article-date 18:46 29-05-2024

Գնել Սանոսյանը ներկայացրեց աղետի գոտում իրականացված աշխատանքները

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղումների հետևանքով աղետի գոտի հայտարարված բնակավայրերում իրականացվող աշխատանքներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Ալավերդիում կայացած ասուլիսի ժամանակ Սանոսյանն ասաց, աղետի հետևանքները շատ ծանր են, վնասի չափը հսկայական է։ «Մեզանից շատ ժամանակ ու ֆինանսական լուրջ միջոցներ են պահանջվելու հետևանքները վերացնելու համար»,- ասաց նախարարը։

Նա մանրամասնեց, որ ամենաշատ ավերածությունները եղել են Ալավերդի քաղաքում և Ալավերդիից գետի հունով դեպի Բագրատաշեն տանող հատվածներում։

«Ալավերդիում հատկապես երկու հատված, մի շարք շենք-շինություններ, նաև առևտրի գոտիներ կիսով չափ կամ ամբողջովին հայտնվել էին ջրի տակ։ Եվ, իհարկե, անելիքներից գլխավորը եղել է այդ տեղերից մարդկանց տարհանելը։ Մեր փրկարարները տարբեր հատվածներից տարհանել են մոտ 430 մարդու։ Ամենամեծ տարհանումը իրականացվել է Քարկոփ գյուղում։ Գյուղն ամբողջությամբ տարհանվել է։ Միայն այսօր ենք մենք կարողացել այս գյուղում աշխատանք սկսել, նախորդ օրերին դա հնարավոր չէր»,- նշեց Գնել Սանոսյանը։

Նա հայտնեց, որ այս օրերին փորձել են հրատապ աշխատանքներ իրականացնել բոլոր ուղղություններով, հատկապես մեծածավալ աշխատանքներ են տարվել միջպետական ճանապարհները շահագործելի դարձնելու համար։

Նրա խոսքով՝ մեծ ծավալի աշխատանքի արդյունքում միջպետական ճանապարհների մի շարք հատվածներ հնարավոր է եղել շահագործելի դարձնել։ «Տարբեր աշխատանքներում 60-ից ավելի շինարարական տեխնիկա է ընդգրկված։ Հարյուրավոր մեքենաներով խոշոր չափերի քարեր և այլ նյութեր լցնելու եղանակով փորձում ենք պայքարել գետի վարարման դեմ և շատ հատվածներում դա մեզ հաջողվել է»,- մանրամասնեց նախարարը։

Սանոսյանը նշեց, որ կամուրջների վնասման հետևանքով 7 համայնք կա, որոնք մասնակիորեն կտրված են Ալավերդի քաղաքից։ «Մենք այդ մասով աշխատանքներ ենք տանում։ Դաշտային ճանապարհով մատակարարումներ են իրականացվում։ Այս պահին աշխատանք ենք տանում, որպեսզի Ախթալայի վնասված կամրջի որոշ հատվածներ օգտագործելու եղանակով հետիոտնային կամուրջ ստանանք, որպեսզի մատակարարումներն այդ եղանակով իրականացվեն։ Դա զգալիորեն կհեշտացնի մատակարարումների իրականացումը»,- ներկայացրեց նախարարը։

Նրա խոսքով՝ եղել են ջրամատակարարման, գազամատակարարման, էներգետիկ համակարգի, ինտերնետ և բջջային կապի խնդիրներ։ Սանոսյանն ասաց, որ այս պահին այդ խնդիրների մեծ մասը վերացված է։

Հիշեցենքն, որ այիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների։ Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։ Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում։

Նմանատիպ նյութեր