211652_close_icon

Տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքից անհիմն դուրս գալու դեպքեր․ Երևանի քաղաքապետի խոսնակ

views-count1240 դիտում article-date 15:18 22-05-2024
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:

Շատերդ տեղյակ եք, որ այս ոլորտում տևական ժամանակ է իրականացվում են համակարգային բարեփոխումներ, որոնց արդյունքներից մեկն այն է, որ 20.05.2024 կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի զեկույցից պարզ դարձավ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ավելի խիստ հսկողության արդյունքում ուղևորափոխադրումների շաբաթական հասույթներն աճում են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ: 

Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը ըստ էության դիտարկում է որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող իրական և բովանդակային բարեփոխումների: 
Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը:

Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար և վստահեցնում, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը ամենասեղմ ժամկետներում վերականգնելու համար»։

Նմանատիպ նյութեր