211652_close_icon
views-count769 դիտում article-date 20:23 17-05-2024

Մի շարք պատմամշակութային օբյեկտեր ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը։ Նիստին քննարկվել են մի շարք պատմամշակութային օբյեկտերին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը, ինչպես նաև ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված 32 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերը։

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանների թիվը համալրվել է տասով։ Դրանք են տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ ստացած Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 25 հասցեի բնակելի շենքը (1950-ական թթ.), Նալբանդյան 3 հասցեի բնակելի շենքը (1952 թ.), Նալբանդյան 5 հասցեի վարչական շենքը (1930-ական թթ.), Նալբանդյան 7-9 հասցեի բնակելի շենքը (1950-ական թթ.), Մոսկովյան 11 վարչական շենքը (1946-1950 թթ.): Նշված շենքերը արժևորվել են որպես նորագույն ժամանակաշրջանի պատմագեղարվեստական, ճարտարապետական որակները փաստող և ճարտարապետական առանձնահատկությունները, ոճը, տիպը բնութագրող կառույցներ։ ՀՀ Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված՝ Զառ գյուղի «Ավերակ» գյուղատեղիի (պետ․ ցուցիչ՝ 6․27․30) տարածքում գտնվող Գերեզմանոց (միջնադար) և Գերեզմանոց (ուշ միջնադար) օբյեկտները ստացել են նշյալ գյուղատեղիի՝ տեղական նշանակության ենթահուշարձանի կարգավիճակ։

Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բրոնզերկաթեդարյան ժայռանկարը և ժայռապատկերները, Կոտայքի մարզի Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոց-բնակատեղի Շամիրամի բերդը: ՀՀ ԳԱԱ ՀԱԻ արշավախումբը 2023 թ. ամրոց-բնակատեղիի տարածքում իրականացրել է հնագիտական ուսումնասիրություններ։ Պեղումներից հայտնաբերվել են ռազմական, պերճանքի և կենցաղային նշանակության առարկաներ:

Գտածոների մեջ առանձնանում են նեոլիթյան քարե գործիքները, ուշ բրոնզ-երկաթեդարյան վանակատից նետասլաքները, երկաթից նիզակի ծայրը, տարբեր քարերից, երկաթից ու բրոնզից զարդարանքի առարկաները, գլանաձև կնիքը (հավանաբար Ք.ա. V դ.), Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրամը: Գտնվել են նաև ուշ բրոնզ-վաղերկաթեդարյան, անտիկ ժամանակաշրջանի, միջնադարի տարբեր փուլերին վերաբերող խեցեղենի բեկորներ: Միջին դարերին են վերաբերում նաև հիմնական կառույցները, որոնք ուշ միջնադարում ենթարկվել են որոշ փոփոխությունների:

Պեղումների արդյունքում փաստագրվել է ամրոց-բնակատեղիի հիմնադրման և օգտագործման 4 փուլ՝ նեոլիթյան (I փուլ), ուշ բրոնզ-վաղերկաթեդարյան (II փուլ), անտիկ (III փուլ) և միջնադարյան (IV փուլ), հստակեցվել են ամրոցի սահմանները։ Ըստ պեղումների արդյունքների՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղափոխել Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման վայրը՝ նախապես որոշված գագաթից դեպի ավելի քան 260 մ հեռավորության վրա գտնվող հարակից բլուր, որը, ըստ հնագիտական ուսումնասիրությունների, զուրկ է հնագիտական շերտերից և դուրս է ամրոցի տարածքից։ Նախարարությունը թույլտվություն է տվել իրականացնելու հարակից բլրի գեոդեզիա և երկրաբանական ուսումնասիրություններ՝ նախապատրաստական աշխատանքների համար։ Հիմնադրամը տեղեկացվել է, որ նախագիծը բոլոր փուլերում անհրաժեշտ է համաձայնեցնել լիազոր մարմնի հետ։

Հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների քննարկված նախագծերից են Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակատեղի «Հին շիրակավան» (մ.թ.ա. 2-1-ին հազ․, պետ․ ցուցիչ՝ 7.90.2), ամրոց (մ.թ.ա. 1-ին հազ․ 1-ին կես, պետ․ ցուցիչ՝ 7.90.2.1), դամբարանադաշտ (մ.թ.ա. 2-1-ին հազ․, պետ․ ցուցիչ՝ 7.90.2.2), Լոռու մարզի Օձուն գյուղի վանական համալիր հոռոմայրի Սբ․ Նշան՝ ստորին հուշարձանախումբ, X-XIII դդ. (պետ․ ցուցիչ՝ 5.112.10) և վանական համալիր Հոռոմայրի Սբ․ Նշան՝ վերին հուշարձանախումբ, X-XIII դդ. (պետ․ ցուցիչ՝ 5.112.11) և 29 այլ հուշարձանների պահպանության գոտիների նախագծերը։ Ընդունելի համարված 31 նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, այնուհետև կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից: Իսկ Լոռու մարզի Օձուն գյուղի Եկեղեցի (Օձունի տաճար, Սբ․ Հովհաննես եկեղեցի, խաչգունդ վանք), VI դ. (պետ․ ցուցիչ՝ 5.112.5) հուշարձանի պահպանական գոտիների նախագիծն ուղարկվել է լրամշակման՝ համաձայն հանձնաժողովի դիտողությունների։

Նմանատիպ նյութեր