211652_close_icon
views-count76896 դիտում article-date 17:56 17-05-2024

Արտառոց դեպք՝ Երևանում. փորձել են թալանել հայտնի «Գուավա» խանութում տեղադրված «բունկերը», որում եղել է մոտ 40 միլիոն դրամ. հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղություններով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 17-ին, արտառոց գողության փորձ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկությւոններ են ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի 188/8 հասցեում գործող «Գուավա» խանութի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետին պատկանող նկուղային հարկում եղած բունկեռից 2 դիմակավորված անձինք փորձել են գողություն կատարել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությա օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի և համայնքային ոստիկանության բաժանմուքնի պետ Մ. Խաչատրյանի գլխավորությամբ:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախնայնի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:  

Պարզվել է, որ ժամը 04:30-ի սահմաններում 2 անհայտ անձինք տեխնական միջոցների գործադրմամբ բացել են նշված խանութի դուռը, մտել ներս, իջել նկուղային հարկ, որտեղ էլ տեխնիկական միջոցներով փորձել են բացել բունկերի դուռը, սակայն դեռևս իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագոծությունն ավարտին չեն հասցրել ու դիմել են փախուստի, որի ժամանակ նշված խանութում անվտանգություն իրականացնող «Արմոբիլ» անվտանգույթան աշխատակիցներից մեկը նկատել է նրանց խանութի դիմացի մայթեզրին, կասկածել է նրանց և երբ մոտեցել է, նրանցից մեկը իր մոտ եղած գազային ատրճանակից 1 անգամ օդ է կրակել, որից հետո արդեն խանութում գտնվող 2 անձինք դուրս են եկել ու դիմել փախուստի:

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին արդեն ոստիկաններն ու քննիչները զրուցել են խանութ-սրահի տնօրեն, Երևանի բնակիչ 36-ամյա Սարգիս Պետրոսյանի հետ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Գողության պահին խանութում անվտանգությունը պահպանելիս են եղել «Արմոբիլ»-ի անվտանգության աշխատակիցները, ու նրանցից 2-ը տեսախցիկով նկատել են, որ 2 հոգի երկաթե ձողերով մտնում են խանութ ու էս անվտանգության աշխատակիցները, փոխանակ ահազանգեին ոստիկանություն, կամ իրենց գործընկերներին, երբ տեսել են, որ 2 հոգի մտնում են խանութ, փախել են, իսկ հետո փախել են նաև ձախորդ գողերը: Այստեղ են ասում՝ «չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս». հա՛մ գողերն են փախնում, հա՛մ անվտանգության աշխատակիցները ու խանութը թողնում են անտերուդուրս, ու լավ էր, տեսանք որ շատ արագ եկան պատրուլից ու Մաշտոցի բաժնից, թե չէ եսիմ ինչքան ժամանակ խանութի դուռը մնալու էր բաց ու չգիտես՝ ինչ տեղի կունենար, բայց այս գողության փորձը կարելի է համարել ձախորդ գողերն ու ձախորդ Արմոբիլի աշխատակիցները. լրիվ կինո է հիցենում: Ու էսքանից հետո դժվար խանութի տերերը իրենց միլիոնների ապրանքը ու «բունկերը», որում եղել  է մոտ 40 միլիոն դրամ, վստահեն ինչ-որ ընկերության, ավելի խելոք կգտնվեն, եթե այսքանից հետո իրենց խանութի անվտանգությունը վստահեն ՀՀ Ներքին գործերի նախարրության Պետական պահպանության ընկերությանը, իսկ մենք լավ գիտենք, որ Պետական պահպանության հսկողության տակ գտնվող տարածքներում «գիշերը օձն իր պորտով, ղուշն իր թևով» չի կարող մտնել»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր