211652_close_icon
views-count83957 դիտում article-date 14:55 05-09-2024

Առեղծվածային դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանա լճի ափին հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա. վարորդի մարմինը ջրասուզակները որոնում են լճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին են դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի հարազատները և հայտնել են, որ Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, իրենք որոնողական աշխատանքներ են կատարել, որտեղ հայտնաբերել են Միքայել Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան՝ ծառերի մեջ կայանված, իսկ ավտոմեքենայից բավականին հեռու լճի ափին նրա հագուստներն ու հողաթափերը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի և Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Հարությունյանն ու Արտյոմ Սիսակյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի Ստեփան Հակոբյանը։

Դեպքի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, Մարտունու քննչական բաժնի պետի և նույն քննչական բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։

Ժամանել են նաև փորձաքրեագիտական վարչության Արևելյան բաժնի փորձաքրեագետները՝ բաժնի պետ Դանիել Մոսիկյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու փրկարարական ջոկատից և Սևանի ջրասուզակներից։

Արդեն 2 ժամ է՝ ջրասուզակները որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ կա վարկած, որ հնարավոր է որոնվող քաղաքացին ավտոմեքենան կայանել է, ապա լողանալու նպատակով մտել է Սևանա լիճ և ջրահեղձ եղել։

Նրա հագուստները հայտնաբերվել են ավտոմեքենայից 40-50 մետր հեռավորության վրա։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև գյուղացիները և որոնվողի հարազատներն ու ընկերները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 346+
346+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր