211652_close_icon
views-count41824 դիտում article-date 09:10 28-03-2024

Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Երևանում թալանել են Սայաթ-Նովա պողոտայում գործող հայտնի «Զիգզագ» խանութը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 21-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Ռոբերտ Կ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 05.30-ից 05:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ոտքով կոտրել է Սայաթ-Նովա 20 հասցեում գործող «Զիգզագ» խանութի մուտքի ապակյա դուռը, մտել ներս և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի 13 բջջային հեռախոսներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Արդեն տեղում «Զիգզագ» խանութ-սրահի տնօրենի տեղակալ Արթուր Ջանոյանը ոստիկաններին, ապա ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի քննիչներին հայտնել է, որ գողության հետևանքով պատճառվել է 5 մլն 500 հազար դրամի վնաս։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր