211652_close_icon
views-count625 դիտում article-date 23:47 26-03-2024

Էրդողանը մայիսի 9-ին կմեկնի ԱՄՆ

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թահյիփ Էրդողանն առաջիկայում մեկնելու է ԱՄՆ: Որպես հնարավոր այցի ամսաթիվ շրջանառվում է մայիսի 9-ը: Փոխանցում է Ermenihaber-ը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախագայության ժամանակաշրջանում Էրդողանն առաջին անգամ է պաշտոնական այցով մեկնելու Վաշինգտոն: 

Նշվում է, որ նախատեսվում է հանդիպում երկու երկրի նախագահների միջև, իսկ նրանց հանդիպման օրակարգում լինելու են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները:

Սպասվում է, որ այցի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվելու երկկողմ հստակ համագործակցությունների շուրջ: 

Քննարկվելու են նաև տնտեսական հարաբերություններին և մասնավորապես երկու երկրի միջև առկա առևտրաշրջանառությունը 100 մլդ դոլարի հասցնելու նպատակով իրականացվելիք քայլերին վերաբերող հարցեր: 

Անդադարձ է կատարվելու ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռք բերման շուրջ իրականացվող աշխատանքներին: Մտքեր են փոխանակվելու գործընթացն արագացնելու շուրջ: 

Օրակարգից դուրս չի մնալու նաև նախկինում Թուրքիայի կողմից ԱՄՆ-ին F-35 կործանիչների ձեռք բերման նպատակով վճարված 1.4 մլրդ դոլարի փոխհատուցման հարցը: 

Բացի այդ Էրդողանն ու Բայդենը մտքեր են փոխանակելու Իրաքի և Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ: 

Բանակցություններում իր տեղն է գտնելու նաև Պաղեստինի Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի կողմից իրականացվող հարձակումների դադարեցման և պաղեստինյան խնդրի վերջնական լուծման հարցը:

Նշենք, որ ըստ տարածվող տեղեկությունների՝ Էրդողանը Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) մարտյան ընտրություններից հետո մեկնելու է նաև Իրաք: 

Այս դեպքում ևս անդրադարձ է կատարվելու ահաբեկչության դեմ պայքարին: Որպես այցի հնարավոր ամսաթիվ նշվում է ապրիլի 22-ը: 

Թուրքական մամուլում Իրաք Էրդողանի կատարելիք այցը համարվում է պատմական, քանի որ Էրդողանը որպես նախագահ առաջին անգամ է մեկնելու Բաղդադ: Նա վերջին անգամ այնտեղ եղել է 2012-ին՝ իր վարչապետության շրջանում:

Նմանատիպ նյութեր