211652_close_icon
views-count36503 դիտում article-date 14:16 15-02-2024

Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. գյուղացիներն ասում էին՝ «Ոստիկանները մի քիչ ուշանային, կարող է՝ անզգուշաբար դժբախտ դեպք տեղի ունենար». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության վերջերս կայացած նիստում ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ոստիկանության ղեկավար կազմին տվել են հանձնարարականներ, և հայտնել, որ 2024 թվականը նույնպես համարվում է պայքար մի քանի հանցատեսակների դեմ, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերքի հանյտաբերման:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գյուղում մի խումբ երիտասարդներ զենքի նմանվող առարկայով կրակոցներ են արձակում:

Գյուղ են ժամանում ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր տեղում հայտնաբերում են նույն գյուղի բնակիչներ 33-ամյա Արամ Մ.-ին և 27-ամյա Վահագ Խ.-ին:

Ոստիկանները այն պահին են հասնում գյուղ, երբ նշված անձինք իրենց մի քանի ընկերների հետ հրացանից կրակոցներ էին արձակում տարբեր ուղղություններով:

Ոստիկանները նշված անձանց ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Պարզվում է, որ Արամ Մ.-ն նշված հրացանը գնել է օրեր առաջ՝ էջմիածին քաղաքի որսորդական խանութից, սակայն՝ առանց համապատասխան թույլտվության:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում կրակողներից մեկն ասում էր, որ իրենք կրակում էին ճնճղուկների վրա, քանի որ իրենց ցորենը ճնճղուկներն ուտում էին:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոքն փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հիմնականում ավագ սերնդից էին, ասում էին.

«Ջահելներ են, զենքը վերցրել, ու անկապ աջ ու ձախ ու օդ են կրակում, բայց դե ամեն պահի կարող է վատ բան լինել, չէ որ Հայաստանում եղել են շատ դեպքեր, երբ հենց այդ կրակոցների արդյունքում մարդիկ են տուժել: Ճիշտ է՝ երջանիկ պատահականությամբ չեն մահացել, բայց վիրավորվել են:  

Քանի նմանատիպ դեպքեր են եղել, որ ակնաբույժների միջամտության արդյունքում քաղաքացին փրկվել է: Եղել են նաև դեպքեր, որ չուզելով կրակել են մարդու վրա ու այդ մարդը տուժել է: Լավ էր՝ էջմիածնի ոստիկանները շուտ հասան ու այդ ջահելների ձեռքից զենքը վերցրեցին:

Ճիշտ ա՝ մեր գյուղի ջահելներն են, վատ բան չենք տեսել նրանցից, բայց դե ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ բանը բանին չհասավ»:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր