211652_close_icon
views-count742 դիտում article-date 19:18 07-02-2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն անդրադարձել է 1905-ի փետրվարին Բաքվում տեղի ունեցած հայ-թաթարական բախումներին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է 119 տարի առաջ փետրվարի 6-ին Բաքվում տեղի ունեցած հայ-թաթարական բախումներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «119 տարի առաջ փետրվարի 6-ին Բաքվում մի պատահական միջադեպով սկսվեցին շուրջ երկու տարի երկրամասը ցնցած հայ-թաթարական բախումները։ Թաթարների (այսպես էր կոչվում Անդրկովկասի թյուրքախոս մուսուլման բնակչության զանգվածը, որը դեռևս չուներ հավաքական անվանում) և հայերի միջև ազգամիջյան լարվածությունը բարենպաստ պայմանների առկայությամբ վերաճեց ռազմական առճակատման։ Պատմագրության մեջ բազմաթիվ են այս բախումների պատճառների մասին կարծիքները և մեկնաբանությունները։ Այնուհանդերձ, դրանք հավաքականորեն կարելի է համարել քաղաքական, հասարակական, կրոնական, սոցիալ-տնտեսական հակասությունների հետևանք, որոնց հրահրման հարցում անմասն չէր ինչպես ցարական վարչակարգը, այնպես էլ Օսմանյան կառավարությունը։ 

Բաքվի բախումների ժամանակ սպանվեց ավելի քան 200 հայ։ Հարակից բնակավայրերից Բաքու էին եկել նախապես զինված թաթարական խմբեր, որոնք հարձակվում էին հայերին պատկանող տների, խանութների վրա։ Փետրվարի 8-ին միայն գործարաններից մեկի տարածքում միանգամից գնդակահարվեցին 40 հայեր։ Թաթարների շրջանում զոհերի թիվը էականորեն քիչ էր։ Ընդ որում սպանված հայերի մեջ մեծ թիվ էին կազմում նաև կանայք և երեխաները, մինչդեռ թաթարների մեջ բացառապես տղամարդիկ էին, ինչը վկայում է այն մասին, որ թաթարները գազանաբար հարձակվում էին անզեն և անպաշտպան բնակչության վրա։ Հայտնի է մի թաթար աղայի կոչը, թե «ով հրացան ունի, կամեցածի չափ փամփուշտ կտամ նրան, եւ ով որ հրացան չունի, ես բոլորին զինելու ուժ ունիմ»։ Իսկ զենքի մատակարարում իրականացնում էր Օսմանյան կայսրությունը, որը վաղուց փորձում էր ծայրահեղ ազգայնական պանթյուրքիստական պետական գաղափարախոսությունը տարածել Բաքվի և Ելիզավետպոլի մուսուլմանների շրջանում։ Այս առիթով The Chicago Daily Tribune-ը  գրում է․ «Անհերքելի ապացույցներ կան առ այն, որ թաթարական ապստամբությունը հրահրվել է թուրք էմիսարների կողմից»: «Daily mail» թերթի թղթակիցը հաղորդում է նաև, որ «Բաթումի մոտ հայտնվել է ռազմամթերքով բեռնված շոգենավ, որը պետք է զենք հասցնի Կովկասում կռվող կողմերից մեկին: Շոգենավի բոլոր ծառայողները բացառապես թուրքեր են»։

Բաքվի առաջին բախումը և զոհերի ու կորուստների հարաբերակցությունը պարզ ցույց է տալիս, որ հայերի վրա հարձակումը եղել է նախապես ծրագրված։ Դեպքերի պետական հետազոտության արձանագրության մեջ կարող ենք գտնել հետևյալը․ «Գաղտնի խորհրդակցությունների ժամանակ կազմել էին մի շարք անձնավորությունների, գլխավորապէս հայերի ցուցակներ, որոնց ձերբակալում էին թաթարների ցուցմունքների հիման վրա»: Ամենևին դժվար չէ ճշգրիտ նմանություն գտնել Բաքվի 1905 թ․ փետրվարյան ջարդի և 1988 թ․ Սումագյիթի, 1990 թ․ հունվարին Բաքվի հայության կոտորածի կազմակերպման միջև, թեև Սումգայիթի և Բաքվի պարագայում ադրբեջանցիներն առավել կատարելագործել էին դաժանագույն հաշվեհադարների պրակտիկան։ 

Ի դեմս հայ-թաթարական բախումների՝ առաջին անգամ ի հայտ եկավ թաթար խավարամիտ ամբոխի և վերջինիս ազգայնական առաջնորդերի մեջ զարգացած հակահայկականությունը, որը առ այսօր շարունակում է դրսևորվել պետական մակարդակով և պատճառ է դարձել 1918-1920 թթ․, 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության էթնիկ զտումներին և հայաթափմանը և 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացած ցեղասպանական հանցագործություններին։ 

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը իր հարգանքի տուրքն է մատուցում 1905 թ․ Բաքվի անմեղ զոհերի հիշատակին։ Անցած ավելի քան մեկ հարյուրամյակի պատմական փորձառությունը առնվազն 4 անգամ ապացուցել է, որ որևէ կերպ չպատժվող ռասիզմը և հակահայկականությունը միտում ունի շարունակաբար հանգեցնելու ցեղասպանական հետևանքների, որի արդյունքում ինչպես պատմական Գարդմանը, Շիրվանը և Նախիջևանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ հայաթափված են»։ 

Նմանատիպ նյութեր