211652_close_icon
views-count913 դիտում article-date 16:34 30-05-2026

Օհանավանից դեպի Հովհաննավանք զբոսաշրջիկներն ու ուխտավորները կարծես թե ճանապարհն անցնեն Գողգոթայի միջով․ 6 ամիս է՝ մի քանի մետրանոց ճանապարհը վարորդների, զբոսաշրջիկների ու ուխտավորների համար դարձել է պատուհաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երբ 6 ամիս առաջ Արագածոտնի մարզի Օհանավան բնակավայրում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ սկսվեցին ճանապարհների ասֆալտապատման որոշ հատվածներում հիմնանորոգման աշխատանքները, բնակիչները մեծ ոգևորություն ապրեցին։

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում ոչ միայն Օհանավան բնակավայրի բնակիչներից, այլ նաև Հովհաննավանք մեկնող ուխտավորներից ու զբոսաշրջիկներից, ովքեր արդարացիորեն ասում են, որ 6 ամիս է՝ մի քանի մետր հեռավորություն ունեցող ճանապարհն իրենք անցնում են մեծ դժվարությամբ։

Այսօր՝ մայիսի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. 

«6 ամիս, ու ամեն օր սպասում ենք, թե երբ են իրենց բռնած լավ գործն ավարտին հասցնելու։ Հիմա չգիտենք՝ որ կառույցին դիմենք՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի՞ն, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի՞ն, թե՞ Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանին, որպեսզի վերջապես խելք խելքի տան ու լուծեն անլուծելի թվացող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում աշխատանք սկսես ու վերջում, էն որ ասում են՝ Նաջարյանը փոշմանել է, կիսատ թողնես։ Այս օրերին նաև զբոսաշրջիկների մեծ հոսք կա։ Անգամ գերմանացի զբոսաշրջիկները մեզ բողոքում էին, թե ինչի պիտի վանք էսպիսի խորդուբորդ, վտանգավոր ճանապարհով գնան։ Զարմացել էին էդ մարդիկ, բայց դե երևի կհամակերպվեն այն մտքի հետ, որ սա Հայաստանն է, վանքեր ու եկեղեցիներ գնալուց պիտի անցնես Գողգոթայի ճանապարհով»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում է ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, սակայն թե ինչու են գործն անավարտ թողել, կարծես գլուխկոտրուկ լինի, որի պատասխանը միայն իրենք գիտեն։

Ու հիմա բնակիչները դիմում են Արագածոտնի մարզպետին, Աշտարակի քաղաքապետին, որպեսզի միջամտեն՝ գործը շատ արագ ավարտին հասցվի։

Բնակիչները նաև նշում էին, որ գիշերային ժամերին այդ հատվածում մի քանի դեպքեր են եղել, երբ ավտոմեքենաները հայտնվել են փոսում ու կողաշրջվել. բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չեն եղել:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր