211652_close_icon
views-count1165 դիտում article-date 08:28 07-02-2024

ԱԱԾ մեկուսարանը 5 օր է, ինչ պետ չունի․ կվերադառնա՞ արդյոք Խալապյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեւանի փոխքաղաքապետի օգնականը 2.5 մլն դրամ է փոխանցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը իբրեւ նվիրատվություն: Կոռուպցիայի դեմ պայքարող հեղափոխականներին այս թվերը չեն հետաքրքրում: Վերջին շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հրապարակում է նախորդ տարի՝ հուլիսի 31-ին տեղի ունեցած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի մանրամասները:

Ինչպես հայտնի է, Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին «հանձնարարված է եղել» կլորիկ գումարներ հանգանակել իշխանական կուսակցությանը: ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 996 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 509 մլն 085 հազար 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1 մլն 262 հազար 681 դոլար, սակայն շատ նվիրատուների անունները գաղտնի են պահվել: ՔՊ-ի դրամահավաքին, ինչպես արդեն գրել էինք, հանգանակություններ էին արել «Բաս վոյաժ» ՍՊԸ-ն՝ 700 հազար դրամ, ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության պետ Գոռ Բակլաչյանը՝ 250 հազար դրամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ 100 հազար դրամ, Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության նախկին պետ Խորեն Գրիգորյանը՝ 2 մլն դրամ, Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը՝ 1 մլն դրամ, եւ այլ հետաքրքիր դեմքեր։ Այս անգամ ներկայացնում ենք ցուցակի հաջորդ հետաքրքիր քառյակին։ ՔՊ-ի դրամահավաքին 200 հազար դրամ հանգանակել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։

Սեպտեմբերի 17-ին կայացած՝ Երեւանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի անդամ Գեղամ Բրսոյանը ամենաշռայլ նվիրատուներից էր, որը հանգանակել է 2 մլն 500 հազար դրամ։ Բանն այն է, որ նման շռայլություն դրսեւորելուց հետո նա, ՔՊ ցուցակում լինելով հանդերձ, չընդգրկվեց Երեւանի ավագանու ցանկում։ ՔՊ ավագանու ընտրացուցակում ընդգրկված եւ ավագանու անդամ չդարձած Շողիկ Վիրաբյանը եւս 2 մլն 500 հազար դրամ է հանգանակել։ 2 մլն 500 հազար դրամ էլ ՔՊ դրամահավաքին հանգանակել է 2022 թվականի ապրիլի 20-ին ՀՀ ԱԻ նախարարի օգնական նշանակված Տաթեւ Հակոբյանը։

Բանն այն է, որ Տաթեւ Հակոբյանն այժմ հանդես է գալիս Տաթեւ Մարգարյան անուն-ազգանունով։ Նա այն ժամանակ ԱԺ պատգամավո Արմեն Փամբուխչյանի օգնականն էր, հետո, երբ Փամբուխչյանը նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Տաթեւ Մարգարյանին իր հետ տարավ։ Նույնը կատարվեց, երբ Փամբուխչյանն ընտրվեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ. Տաթեւ Մարգարյանին կրկին նշանակեց իր օգնական։ Հետաքրքիր է՝ օգնականին որտեղից նման գումարներ, որ փոխանցել է: Այս հարցն էլ փորձեցինք պարզել Տաթեւ Մարգարյանից, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ճիշտ է, ես այդքան հարուստ չեմ։ Քանի որ շտաբում էի, կազմակերպչական հարցերով պատասխանատու ու ակտիվ աշխատանքների մեջ էի, ընկերներ, կուսակցականներ, լիքը մարդ հավաքվեց, կպանք իրար, ես իջա արեցի»:

Հետաքրքիր է՝ արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որեւէ ընթացք կտա նման երեւույթներին եւ կխորանա ՔՊ դրամահավաքի պաշտոնյա նվիրատուների ֆինանսական աղբյուրները բացահայտելու գործով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր