211652_close_icon
views-count1084 դիտում article-date 14:21 29-01-2024

Նիկոլ Փաշինյանի որդու գործով որոշում կայացրած դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարվեց նախազգուշացում

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում:

«Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, Քրիստինե Մկոյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը, Արշակ Վարդանյանն ունի նաև հատուկ կարծիք։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- ասվում է ԲԴԽ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու առիթը գլխավոր դատախազի հաղորդումն է: Դատախազը, դիմելով Արդարադատության նախարարություն, հայտնել է, որ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման գործով մեղադրյալ զոհված զինծառայողի մայր Ազգուշ Մարտիրոսյանի (հայտնի է որպես Գայանե Հակոբյան) խափանման միջոցի գործով, առանց հիմնավորելու, շեղվել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից:

Նշենք, որ Գրիգոր Հովհաննիսյանին մակագրվել է նախաքննության ընթացքում Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը եւ նա կալանավորումը փոխել է տնային կալանքով: Մինչ դատավորը որոշում կկայացներ, բուն գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության, և դատավոր Մանվել Շահվերդյանը վարույթը ստանձնելու որոշում է կայացրել:  Մանվել Շահվերդյանը որոշել է Մարտիրոսյանի նկատմամբ կրկին կալանավորումն ընտրել որպես խափանման միջոց:

Ըստ Արդարադատության նախարարության՝ առկա են Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումներ, համաձայն որոնց՝ այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանն արդեն իսկ ստանձնել է բուն գործով վարույթը, վերաքննիչ դատարանը չէր կարող բեկանել նախաքննության ընթացքում կալանքի որոշումը։

Դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը, սակայն, ԲԴԽ-ում հայտնել է, որ Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ գործով փաստական հանգամանքները նույնական չեն եղել այն գործերի փաստական հանգամանքների հետ, որոնք վկայակոչում են Արդարադատության նախարարության ներկայացուցիչները։ Նա նշել է, որ իր որոշում կայացբնելու ժամանակ դատավոր Շահվերդյանը կալանքի գործով նոր խափանման միջոցի գործով որոշում կայացրած չի եղել։

Նմանատիպ նյութեր