211652_close_icon
views-count8109 դիտում article-date 13:41 29-12-2023

Շատիվանքը դիմակայել է oտար զավթիչներին ու ջարդարարներին, սակայն այսօր լքված է և վտանգված․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վայոց ձորի Շատին գյուղից 4կմ արևելք՝ լեռնագագաթների արանքում, փոքրիկ տարածքում գտնվող վանական
համալիրը հայտնի է Շատիվանք, Շատիկ անապատ, Շատին վանք և Սուրբ Սիոն (Սուրբ Սյուն) անուններով։

Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ վանքը կառուցել են դեռևս 922 թվականին Աբաս Ա Բագրատունի թագավորի,
Սյունյաց իշխան Սմբատի և Տեր Հակոբ եպիսկոպոսի օրոք: Այն եղել է ուշ միջնադարի Սյունիքի կրոնական և
մշակութային խոշոր կենտրոններից մեկը։ Նրա տնտեսական հզորության պարզ վկայությունն են արտադրական
(ձիթհան, ջրաղաց) ու մեծաքանակ օժանդակ շինությունները, ջրանցքը և կամուրջը։

Այստեղ պահպանվել են 10–14-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր, վիմագիր արձանագրություններ և դրանց
բեկորներ։ Այդ շրջանին են թվագրվում նաև համալիրի հուշարձանների մեծ մասը` սեղանատները, մենախցերի
շարքը, մեծ և փոքր սենյակները, գոմերը, աղբյուրը, ջրաղացը, ցորենի հորերը և այլն:

14-րդ դարից հետո վանքը անկում է ապրել, սակայն կրկին ու կրկին՝ վերածնվել։

Վանքի պարիսպները և դրանց կից բնակելի սենյակները, սեղանատունը (այժմ՝ քանդված) կառուցել է Մովսես
վարդապետը 1655–1668 թվականներին, իսկ պարիսպներից դուրս գտնվող գոմը և ախոռը՝ Անտոն վարդապետը՝
1749 թվականին։

Վանքի տարածքի ու շրջակայքի պեղումների արդյունքում կարևոր տվյալներ են ստացվել 15-16-րդ դարերում
վանական տնտեսության արտադրական կառույցների`երկաթաձուլության, ջնարակած խեցեղենի, հախճապակու,
ապակու արտադրության, ջեռուցման համակարգի գոյության մասին:

Եղել են ժամանակներ, երբ վանքը միաժամանակ ունեցել է 90 միաբան։

Ցավոք, այսօր այդ ամենից մնացել են գրեթե միայն փլատակներ, կիսավեր շինություններ և հուշեր, քանի որ
վանական համալիրը գտնվում է դժվարամատչելի տեղանքում։ Այն օրեցօր ու տարեցտարի քայքայվում է և
փլուզվում։ Մնում է միայն հուսալ, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը, Վայրի բնության և մշակութային
արժեքների պահպանման հիմնադրամը կամ մեկ այլ կառույց, գոնե 1 «էլեկտրական հովիվ» կտեղադրի այստեղ,
որպեսզի հնարավոր լինի, գոնե նվազագույն չափով, վերահսկել այս տարածը։

Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+

Նմանատիպ նյութեր