211652_close_icon
views-count2593 դիտում article-date 23:18 20-12-2023

Արթուր Դավթյան․ Օլիմպիական խաղերում նշաձողս ոսկե մեդալն է․ sport.news.am

Ինչպես յուրաքանչյուր մարզիկ, Օլիմպիական խաղերում նշաձողս ոսկե մեդալն է: Ամեն ինչ կանեմ, որպեսզի Փարիզ-2024-ից վերադառնամ ոսկե մեդալով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը, գրում է sport.news.am-ը։

Հայաստանի հավաքականի առաջատարն ամփոփել է մրցաշրջան 2023-ը:

«Տարին շատ լավ սկսեցի: Աշխարհի գավաթի փուլերում բոլորում չեմպիոն դարձա,  Եվրոպայի առաջնությունում չեմպիոն դարձա: Միայն աշխարհի առաջնությունում մեդալ չնվաճեցի, ինչի համար ափսոսում եմ, բայց չեմ ընկճվում, քանի որ սա սպորտ է:  Այս փուլում վնասվածքներիցս եմ փորձում ազատվել: Ոտքիս վնասվածքն անցել է. մեջքի վնասվածք ունեմ:

Հաջորդ տարի գլխավոր նշաձողս Օլիմպիական խաղերն են: Այս տարի վարկանիշի խնդիրը լուծեցինք: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այնտեղից պատվով հետ գանք: Ամեն մի մարզիկ կուզենա ոսկե մեդալով վերադառնալ: Ես էլ կուզեմ ոսկե մեդալով վերադառնալ, սպորտում ամեն ինչ հնարավոր է, կարող է լինել: Ամեն ինչ կանեմ, որ ոսկե մեդալ նվաճեմ:

Ամեն մրցումից ինչ-որ դաս քաղում ես: Տոկիոյում առաջին անգամ էր, որ ցատկիս ժամանակ ձեռքս թեք դրեցի: Դրանից հետո ամեն ցատկի ժամանակ ուշադրություն եմ դարձնում, որ հանկարծ ձեռքս սխալ չդնեմ: Արդեն հաջորդ տարվա սկսզբից կպատրաստվենք Օլիմպիական խաղերին»,- ասաց Արթուր Դավթյանը:

 Սեպտեմբերի 30-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճեց Փարիզ-2024-ի անվանական ուղեգիր: Դավթյանը կպաստրաստվի իր 4-րդ Օլիմպիական խաղերին: Նա մասնակցել է նաեւ Լոնդոն-2012, Ռիո-2016 եւ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին:

Նմանատիպ նյութեր