211652_close_icon
views-count985 դիտում article-date 20:57 19-12-2023

Մեկնարկել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են դեկտեմբերի 19-ին՝ հոբելյանական նիստով, որի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ն գիտական համագործակցության համաձայնագրեր է ստորագրել Մոլդովայի գիտությունների ակադեմիայի, Իրանի Իսլամական Հանրապետության գիտությունների ակադեմիայի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, միջոցառմանը մասնակցել են Հայաստանի գիտական համայնքը, պատվիրակություններ 12 պետություններից։

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ «Ակադեմիան երկրի բարձրագույն գիտական կենտրոնն է, ՀՀ կառավարության պաշտոնական խորհրդատուն, որը 80 տարիների ընթացքում դժվարին և բովանդակաշատ  ուղի է անցել, ձեռք է բերել գիտական մեծ նվաճումներ, արժանացել համաշխարհային ճանաչման», - ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։

Ակադեմիկոս Սաղյանը նշել է, որ Խորհրդային Միության տարիներին ակադեմիան ունեցել է ծանրակշիռ ձեռքբերումներ, առաջատար դեր է ստանձնել Խորհրդային Միության հանրապետությունների գիտությունների ակադեմիաների շարքում։

«Ակադեմիայի իրական վերելքի ժամանակաշրջանը մեկնարկում է 1950-ական թվականներից, երբ շուրջ երկու տասնամյակում ստեղծվեցին 40-ից ավելի գիտական ինստիտուտներ։ Անցած 80 տարիների ընթացքում ակադեմիայում կատարվել են համաշխարհային հնչեղության հետազոտություններ ֆիզիկայի, աստղագիտության, մաթեմատիկայի, հաշվողական տեխնիկայի, մեխանիկայի, քիմիայի, կենսաբանության բնագավառներում։ Ներկայի և պատմական Հայաստանի ժառանգության ուսումնասիրողը և վերծանողն է ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, որի մշակներին ենք պարտական համաշխարհային քաղաքակրթության բացառիկ ու եզակի նմուշների բացահայտման և ուսումնասիրման համար։ Հայ պատմաբանների ընդհանրացված ձեռքբերումներն են Հայ ժողովրդի պատմության 8 հատորյակը, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ կատարած ուսումնասիրությունները», - ընդգծել է Աշոտ Սաղյանը։

Նա հավելել է, որ ԳԱԱ-ն համագործակցում է ավելի քան 40 երկրների ակադեմիաների հետ։ Պատրաստվում է համագործակցության նոր պայմանագիր «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի հետ, քննարկվում է Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տարածաշրջանային կենտրոնի բացումը ՀՀ ԳԱԱ-ում։ 

Աշոտ Սաղյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ներդնել ԳԱԱ բարեփոխումների ծրագիրը, արդիականացնել համակարգի գործառույթները՝ դրանք համապատասխանեցնելով գիտության զարգացման ժամանակակից պահանջներին։

«Առանձնահատուկ ուշադրություն պետք է  դարձնել Հանրապետության տնտեսության կարիքներից բխող կիրառական աշխատանքներին։ Անհրաժեշտ է ակտիվացնել պետական կառավարման մարմիններին գիտամեթոդական և փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու գործընթացը, ներդնել գիտական կադրերի վերարտադրության արդյունավետ համակարգ։

Առաջացել է անհրաժեշտություն արագ և համարժեք արձագանքելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի, 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերի և Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի հայրենազրկման հետևանքով առաջացած նոր մարտահրավերներին», - ասել է Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» մեգանախագծին։ «Կարևորելով ՀՀ կառավարության այդպիսի խոշորամասշտաբ ծրագիր մշակելու և ներդնելու նախաձեռնությունը՝ անհրաժեշտ եմ համարում նշել, որ այն պետք է իրականացվի բովանդակային առումով ճիշտ, խորը մասնագիտական քննարկումների և վերլուծությունների հիմքի վրա, որպեսզի չխաթարվի արդեն կայացած գիտական ավանդույթներ ունեցող, միջազգային գիտական տարածքում իր ուրույն տեղը ձեռք բերած, ժամանակի 80-ամյա քննությանը դիմացած և գիտության մի շարք բնագավառներում համաշխարհային ճանաչում ստացած գիտական համակարգը։ «Ակադեմիական քաղաքի» կլաստերներում կարելի է ներգրավել այն գիտահետազոտական կազմակերպությունները, որոնց գործունեությունն ամբողջովին կամ գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ։ Դա հնարավորություն կտա տարանջատել հիմնարար և կիրառական հետազոտությունները և ԳԱԱ-ին վերապահել իրեն հոգեհարազատ հիմնարար հետազոտությունների ոլորտը։ Համոզված եմ, որ նշված միջոցառումների իրականացման արդյունքում հնարավոր կլինի պահպանել ՀՀ ԳԱԱ-ի լավագույն ավանդությունները և զարգացնել նորերը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության գիտակրթական և գիտատեխնոլոգիական առաջընթացի, տնտեսության զարգացման և պետության պաշտպանողականության հզորացման», - ընդգծել է Աշոտ Սաղյանը։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Մոլդովայի, Հունաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Իրանի գիտությունների ակադեմիաները, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը։ Տեսաուղերձով հանդես են եկել Միջազգային գիտական խորհրդի (ISC) նախագահ Փիթեր Գլյուկմանը, Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Կանատբեկ Աբդրահմատովը,  Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար,  Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը։

Ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ակադեմիայի մի շարք աշխատակիցների պարգևատրել է ՀՀ ԳԱԱ հոբելյանական մեդալներով։

Նմանատիպ նյութեր