Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Թաթարստանի գիտությունների ակադեմիայի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) և Թաթարստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի (ԳԱ) միջև կնքվեց համագործակցության համաձայանգիր: Համաձայանգիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Թաթարստանի ԳԱ նախագահ ակադեմիկոս Մյակզյում Սալախովը:
Համաձայնագրի շրջանակներում կողմերը կիրականացնեն հետազոտություններ հումանիտար, բնական և տեխնոլոգիական գիտությունների ոլորտներում: Համագործակցության շնորհիվ ակադեմիաների գիտնականները կապահովվեն անհրաժեշտ տեղեկատվությամբ համատեղ ծրագրեր, գիտական հետազոտություններ իրականացնելու համար: Համատեղ կիրականացվի գիտահետազոտական աշխատանքների, գիտատեխնիկական արդյունքների փորձաքննություն, գիտական կադրերի պատրաստում և ատեստավորում, կկազմակերպվեն գիտաժողովներ, սիմպոզիումներ և քննարկումներ:
Հայաստանի և Թաթարստանի ակադեմիաները կհամագործակցեն հետևյալ ուղղություններով.
· Պատմության, հնագիտության և փիլիսոփայության արդի խնդիրներ
· Պատմամշակութային ժառանգության պահպանություն
· Գյուղատնտեսություն և կեսաբանություն
· Ռեսուրսա- և էներգախնայող տեխնոլոգիաներ
· Էկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանություն
· Բժշկություն և առողջապահություն
· Տեղեկատվական տեխնոլոգիաներ
· Կրթություն և կադրերի պատրաստում
[b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]