211652_close_icon
views-count52536 դիտում article-date 14:14 16-12-2023

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ Opel-ը վրաերթի է ենթարկել ստորգետնյա անցման հարևանությամբ՝ չթույլատրելի հատվածով փողոցն անցնող հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Էդգար Հ․-ն Լենինգրադյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Արցախի Հանրապետության քաղաքացի, 68-ամյա Հմայակ Դ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Հրանտ Աբրահամյանն ու կրտսեր պարեկ Գոռ Հովհաննիսյանը։

Մինչ պարեկները դեպքի վայրում ծառայություն էին կատարում հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի մասին ՊԾ Երևան  քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի չէր ունենա, եթե հետիոտնը փողոցն անցներ վրաերթի վայրից մոտ 50 մ հեռավորության վրա գտնվող՝  մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումով։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր