211652_close_icon
views-count31871 դիտում article-date 12:05 03-12-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. Mercedes-ը Սախարովի հրապարակում բախվել է արձանի բազալտե եզրաքարին ու բռնկվել. վիրավորին, ում տեղափոխել են հիվանդանոց, ծխի ու կրակի միջից դուրս է բերել մի երիտասարդ տղա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 45-ամյա Արթուր Գ.-ն, իր վարած վրացական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Վարդանանց փողոցում՝ Սախարովի անվան հրապարակում, բախվել է Սախարովի արձանի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը՝ վարորդին, ով եղել է շոկային իրավիճակում, օգնության է հասել այդ պահին նշված հատվածով անցնող Էդգար անունով երիտասարդ տղա: Նա ավտոմեքենայից մեծ դժվարությամբ կարողացել է վարորդին դուրս բերել ու մինչ շտապօգնության ժամանումը՝ տեղում առաջին օգնություն է ցուցաբերել, ու արդեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած կրակը, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ականատեսները ասում էին.

«Երբ ավտոմեքենայի բախումը տեղի ունեցավ, միանգամից կրակ ու ծուխ առջևի հատվածում սկսվեց, լավ էր՝ մի հատ ջահել տղա, ոնց ռիսկ արեց մտավ ու էդ մարդուն ծխի ու կրակի միջից հանեց, բժիշկներն էլ լավա շուտ եկան ու էդ տղամարդուն տեղափոխեցին հիվանդանոց, բայց դեռ շոկի մեջ էր: Բժիշկները անգամ ասում են, որ եթե մի փոքր ուշ դուրս բերեին ավտոմեքենայից, հնարավոր է՝ ծխից ինքնազգացողությունը ամբողջությամբ կորցներ ու վատ հետևանքներ ունենար: Սկի չիմացանք՝ ով էր այդ երիտասարդ տղան, մենակ գիտենք, որ ընդեղ մեկն ասում էր. «Էդգար, դու էլ ծուխ կուլ տվեցիր, դեմքդ ու ձեռքերդ էլ մրոտվեցին»: Հալալ էր էդ ջահելին, բժիշկները, փրկարարներն ու պարեկներն էլ ապրեն, որ կարճ ժամանակում եկան»:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր