211652_close_icon
views-count982 դիտում article-date 19:25 27-11-2023

Սանոսյանը դիտարկել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մասի աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ դիտարկել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։

Այս պահին այդ տարածքում կապալառու ընկերությունը իրականացնում է պայթեցումներ, որից հետո ժայռային հանույթը փխրեցնում է՝ հետագայում լիցք անելու և պատվածքի շերտերում օգտագործելու համար։ Ճանապարհի ամբողջ երկայնքով շարունակվում են հողային աշխատանքները։ Շինարարը նախարարին մանրամասն ներկայացրել է աշխատանքների ընթացքը, խնդիրները։

Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհահատվածի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։

Նախարարի հաջորդ կանգառը «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ-2-ի 34 կմ հատվածն էր (Աշտարակ-Թալին), որտեղ ևս մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին։

Շինարարը տեղեկացրել է‚ որ մեծ թվով շինտեխնիկա է աշխատում շինհրապարակում‚ և առաջիկայում նախատեսվում է ավելացնել մեքենասարքավորումների ու աշխատողների թվաքանակը։

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի կառուցումն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։
Նախարար Սանոսյանը մի քանի այլ կանգառներ է կատարել նշված ճանապարհահատվածների տարբեր շինհրապարակներում և հանձնարարել է աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում։

Նմանատիպ նյութեր