211652_close_icon
views-count880 դիտում article-date 12:31 20-11-2023

Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի գնելու այն զենքը, որն անհրաժեշտ է համարում. Կլաարը՝ ՀՀ-ի սպառազինվելու մասին

Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու եւ գնելու այն զենքը, որն անհրաժեշտ է համարում իր տարածքի պաշտպանության համար։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը քննադատում է Հայաստանի սպառազինվելը, մինչդեռ ինքը երեք անգամ ավելի մեծ ռազմական բյուջե ունի, եւ զինամթերքով օդանավերը չեն դադարում վայրէջք կատարել Բաքվի օդակայան:

«Դա իմ պարզ պատասխանն է։ Աշխարհի երկրների մեծ մասը զենք է գնում դրսից՝ իր տարածքը պաշտպանելու նպատակով։ Այնպես որ, այդ իմաստով, սրա մեջ ոչ մի տպավորիչ կամ սխալ բան չկա»,-ասել է նա:

Դիտարկմանը, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո Ժոզեպ Բորելի արած հայտարարությունները՝ նշելով, որ «ԵՄ-ն սպառազինություն մատակարարելու միջոցով նպաստում է Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը, ինչը խաթարում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»։ Ադրբեջանը նաեւ հայտարարել է, որ ԵՄ-ն համարժեք պատասխան կստանա՝ փաստացի սպառնալով ոչ միայն Հայաստանին, այլ նաև Եվրոպական Միությանը, Կլաարը նշել է. «Մենք շատ ողջունում ենք Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը՝ ընդլայնելու իր հարաբերությունները Եվրամիության հետ։ Ի՞նչ վերաբերում է Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում աջակցելուն, մեր տեսանկյունից դա վերաբերում է պոտենցիալ աջակցությանը որոշ ոլորտներում, որտեղ Հայաստանն իրեն խոցելի է համարում, օրինակ՝  կիբեռանվտանգությունը նշվել է որպես դրանցից մեկը։ Եվ նորից, եթե սա առաջ գնա, քանի որ դեռ պլանավորման փուլում է, մենք դա չենք տեսնում որպես քայլ՝ ուղղված ինչ-որ մեկի դեմ։

Դա ավելի շուտ արվում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման նպատակով, ինչը, կարծում եմ, ձեռնտու է բոլորին՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Հայաստանի հարևաններին եւ ավելի լայն միջազգային հանրությանը։ Մենք ցանկանում ենք ունենալ ուժեղ, ինքնավստահ Հայաստան, որը լավ գործընկեր է Եվրամիության համար եւ հավասարապես լավ գործընկեր է իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի համար»:

Նմանատիպ նյութեր