211652_close_icon
views-count775 դիտում article-date 16:30 15-11-2023

Կապիտալ ծախսերի գումարը 2018-ի համեմատ ավելացել է 6-7 անգամ. դա լավ ցուցանիշ է. հանձնաժողովի նախագահ

Եկող տարվա բյուջեն նախատեսվում է մոտ 3 տրիլիոն դրամի չափով, եկամուտները՝ մոտավորապես 1,6 տրիլիոն դրամի չափով եւ պակասուրդը՝ մոտավորապես 340 մլրդ դրամ: Պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի 3,2 տոկոսը: Ըստ անհրաժեշտության՝ հնարավոր է պակասուրդի ծավալն ավելանա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, News.am-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Անդրադառնալով կապիտալ ծախսերի կարեւորությանը՝ նա նշել է, որ եկող տարվա բյուջեով նախատեսվում է կատարել մոտավորապես 700 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, որոնք ուղղված են երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը: «Կապիտալ ծախսերի գումարը 2018 թվականի համեմատ ավելացել է 6-7 անգամ: Դա կազմելու է մեր ՀՆԱ-ի 6,6 տոկոսը, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է»,- ասել է Բաբկեն Թունյանը: Այս համատեքստում պատգամավորը կարծիք է հայտնել, որ Կառավարությունն իր հավակնություններով եւ ֆինանսական հնարավորություններով շատ ավելի հավակնոտ է, քան մասնավոր ոլորտի ներուժը:

Բաբկեն Թունյանի խոսքով եթե ժամանակին միայն մեր ռեսուրսներով հնարավոր էր տարեկան մի քանի տասնյակ կիլոմետր վերանորոգման աշխատանքներ իրականացնել, ապա հիմա այդ ներուժն ավելացել է: Այդ ծախսերի հրատապության դեպքում պատգամավորը կարեւորել է միջազգային գործընկերների մասնակցությունն ու որպես օրինակ նշել վերջերս իրանական կողմի հետ ստորագրված համաձայնագիրը, որով կկառուցվի Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի 32 կիլոմետրը՝ թունելներով եւ կամուրջներով: Նա հույս է հայտնել, որ այս տեմպը կհանգեցնի այն իրողությանը, որ մեր տեղական կազմակերպությունները եւս կկարողանան նույն որակի, արագության ու ծավալի աշխատանքներ կատարել:

Անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների այն հայտարարությանը, թե բյուջեում ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասով ընդամենը 10 մլրդ դրամ է գրված՝ Բաբկեն Թունյանը շեշտել է, որ դա իրականությանը չի համապատասխանում. դա պայմանական թիվ է, այս պահին ընդունված որոշումներով արդեն իսկ մի քանի տասնյակ մլրդ դրամի մասին է խոսքը: Նա հիշեցրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի ծախսերի մի մասը դեռեւս արտացոլված չէ, որոշ ծրագրեր մշակման փուլում են:

Նմանատիպ նյութեր