211652_close_icon
views-count23327 դիտում article-date 12:36 08-11-2023

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. 27-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի. երեխան հիվանդանոցում մահացել է. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Արման Ա.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Ա. Մանուկյան թաղամասում վրաերթի է ենթարկել հետիոտն 6-ամյա Միքայել Պ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետ օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտ հրամանատար Արսեն Բաղդասարյանի  գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են  նույն վաշտի պարեկներ Սպարտակ Հարությունյանն ու Վաչագան Բաղդասարյանը:

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վրաերթի ենթարկված երեխան, գիտակցության չգալով, մահացել է: 

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր