211652_close_icon
views-count1060 դիտում article-date 13:37 07-11-2023

Այո, երեք հոգի մանդատից հրաժարվեցին ի աջակցություն իրենց ընկերոջը՝ Լևոն Քոչարյանի. Գեղամ Նազարյան (News.am)

Ես չեմ կարծում, որ սա այն հարցն է, որ գլխավոր դատախազն այնքան անլրջանա, որ մտնի ԱԺ եւ միջնորդի Լեւոն Քոչարյանին ազատությունից զրկեն՝ այս հորինված գործը շարունակելու համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով նրան, որ Լեւոն Քոչարյանը երեկ ազատ արձակվեց ՔԿՀ-ից՝ ԱԺ պատգամավոր դառնալու հիմքով, սակայն դատախազը կարող է մտնել ԱԺ նրան անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ:

«Կարծում եմ՝ հնարավոր տարբերակ է, որ մտնեն ԱԺ, թույլտվություն ստանան, որ գործը շարունակվի: Այսինքն դրա համար եւս ԱԺ-ի համաձայնությունն է պետք, որ քրգործը շարունակվի: Ես չեմ բացառում, որ նման քայլ անեն, բայց ես դա էլ խորհուրդ չեմ տա, որովհետեւ առանց այդ էլ մեր երկիրն այս սարքովի գործերով թուլանում է: Աշխարհում ինչքան մարտահրավեր կա՝ մեզ է ուղղված, այս իրավիճակում դնենք իրար նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցենք… մարդու ծեծի են ենթարկում, մի բան էլ քրգործ են հարուցում, թե իբր ինքն է ծեծի ենթարկել: Տեսագրություն էլ կա եւ նույնիսկ մենավառ ՔՊ-ականը չի կարող պնդել, որ Լեւոն Քոչարյանն է ուժ գործադրում: Այնպես, որ հուսով եմ, որ այս թեման շատ արագ կփակվի»,-ասաց Նազարյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին Լեւոն Քոչարյանը պատգամավորի մանդատ վերցրեց ազատության մեջ հայտնվելու համար, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Կա Քրեական օրենսգիրք, օրենք, Սահմանադրություն, իսկ ՔՊ–ն էլ խորհրդարանում այնպիսի մեծամասնություն ունի, որ ցանկացած պահի կարող է ցանկացած քվեարկությամբ թույլ տալ, որ մարդուն կալանավորեն։ Չեմ կարծում, որ սա կալանքից ազատվելու փորձ կամ միջոց է։

Մեկնաբանել, որ Լեւոն Քոչարյանը միայն ազատության մեջ հայտնվելու համար կարող է վերցնել մանդատը, դրա հետ էլ համաձայն չեմ: Հիմա կհարցնեք, թե ինչու 3 հոգի հրաժարվեցին պատգամավորական մանդատից։ Այո, հրաժարվեցին ի աջակցություն ապօրինաբար կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջ՝ Լեւոն Քոչարյանի: Եթե սա էլ չի բավարարում, կարող եք ասել, որ ասենք, Լեւոն Քոչարյանը պարտավոր է մանդատը վերցնելուց հետո ինքնակամ գնալ եւ մտնել կալանավայր»,– նշեց Նազարյանը։

Նա հավելեց, որ մանդատից հրաժարված անձինք համոզմունք ունեն, որ Լեւոն Քոչարյանն այս պահին լինելով ԱԺ-ում ավելի ճիշտ է, քան իրենց լինելը ԱԺ-ում. «Լեւոն Քոչարյանը եթե ընդգրկվել է «Հայաստան» դաշինքի ցուցակում, դա նշանակում է, որ ինքն արդեն քաղաքականությամբ զբաղվում է: Լեւոնը միշտ էլ ակտիվորեն մասնակցել է հանրահավաքներին»,-ասաց Նազարյանը:

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի ցուցակում հերթական հաջորդ 3 համարները՝ Միհրդատ Մադաթյանը, Գերասիմ Վարդանյանն ու Անժելա Նալբանդյանը, հրաժարվել են վերցնել պատգամավորի մանդատը, եւ դրա արդյունքում մանդատը բաժին է հասել Լեւոն Քոչարյանին: Դրանից հետո նա օրենքի ուժով ազատ արձակվեց ՔԿՀ-ից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր