211652_close_icon
views-count1132 դիտում article-date 15:30 06-11-2023

Խնդրում եմ փոխվարչապետին և սոցապ նախարարին ինձ ու ընտանիքիս իրենց տանը գրանցեն. արցախցի (Tert.am)

Արցախից բռնի տեղահանված թոշակառուները, այդ թվում՝ հաշմանդամության և զինվորական թոշակառուները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով տրամադրել իրենց թոշակներրն ու նպաստները։

Նրանց խոսքով՝ ՀՀ-ն արցախցիների թոշակներն ու նպաստները չի վճարել։

Արցախցի փոխգնդապետ Արա Քամալյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենց պահանջ են դրել, որ գրանցվենք մի որևէ հասցեում, ինքը փնտրտուքների մեջ, ոչ ոք չի գրանցում իր հասցեում։

«Հիմա կխնդրեմ փոխվարչապետին, սոցապ նախարարին որպես հայ մարդ, որպես 5 երեխաների հայր իրենց տանը ինձ գրանցեն: Հիմա ո՛չ նպաստս եք տալիս, ո՛չ թոշակս:
Ժամանակին ես 25 տարի հայրենիքս պաշտպանել եմ, ինչպես այստեղ հավաքված բոլորը: Եթե այդքան մեր մասին մտածում են, թող իրենց տան վրա մեզ գրանցեն: Ես էլ կդառնամ ՀՀ քաղաքացի, ոչ թե մտածեմ Իսպանիա կամ Ֆրանսիա գնալու մասին։

ՊՆ-ում մեծ սիրով ընդունում են, նորից ուղարկում են առաջնագիծ: Դրան էլ եմ պատրաստ, բայց հարց՝ ես, որ գնամ առաջնագիծ, ընտանիքս տանեմ առաջնագիծ, իսկ միթե մենք այդքան իրավունքներ չունենք, որ գոնե թոշակը տան, նպաստը տան»,- հայտարարեց արցախցին։

Արցախցիներից Արմեն Պետրոսյանն էլ նշեց, որ իրենք Հայաստանում հյուր չեն, որ նպաստ և թոշակ չեն տրամադրում։

«Մենք ՀՀ քաղաքացիներ ենք, կապույտ անձնագիր ունենք։ Մեր բոլոր ավագ սպաներն իրենց կոչումները ստացել են ՀՀ ՊՆ նախարարի հրամանով, բոլոր գերատեսչական մեդալները ստացել են ՀՀ ՊՆ նախարարի հրամանով։
Եթե երկարամյա ծառայության համար սպան իր թոշակը չի ստանում, նշանակում է՝ կրել է ոչ թե ավելի քան 20 տարվա ծառայություն, այլ՝ պատիժ է կրել՝ վտանգելով կյանքը։ Կասկածում եմ, որ Ադրբեջանի պահանջով են մեր թոշակը կտրել»,-հավելեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները բռնի տեղահանված արցախցիներին առաջարկում են կամ ստանալ փախստականի կարգավիճակ, կամ ընդունել ՀՀ քաղաքացիություն և ստանալ թոշակ և նպաստ, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները:

Նմանատիպ նյութեր