211652_close_icon
views-count134085 դիտում article-date 09:24 04-11-2023

Ողբերգական ավտովթար` Գեղարքունիքի մարզում. ճակատ ճակատի բախվել են Honda CRV-ն ու Ford Transit-ը. կա 2 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է  տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 25 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Honda CRV և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ճամբարակի թիվ 35  հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Ռուբեն Օհանյանի գլխավորությամբ:

Վիրավորներից 3-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և պատգարակով մոտեցրել են Ճամբարակի շտապօգնության ավտոմեքենաներին:

Փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայութան Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտ պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ: 

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Միշա Վարոսյանն ու Ամուր Գալստյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չառաջանա, ինչը պարեկներին հաջողվում է: 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը: 

Օպերատիվորեն ժամանել է Ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գալստյանի գլխավորությամբ:

Մինչ պարեկները դեպքի վայրում ծառայություն էին կատարում, Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավորներից մեկը ճանապարահին մահացել է: 

Վթարի մասին Ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, բաժնի պետի տեղակալ Համլետ Աբրահամյանի և հատկապես կարևոր գործորով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Թ. Չանդոյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա. Աբրահամյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ Ford Transit -ը բարձված է եղել կարտոֆիլով, բախման հետևանքով այն թափվել է, իսկ ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր