211652_close_icon
views-count976 դիտում article-date 16:23 31-10-2023

Մեզ համար շատ կարևոր են ՌԴ-ի հետ առևտրային հարաբերությունները. Վահան Քերոբյան

Հիմա տարբեր ուղղություններով առևտրային գործարքները նորմալ իրականանում են, և կոնյակի հետ կապված մի քանի օրվա խնդիրը, որ առաջացավ, արդեն չկա, և որոշ ընկերություններ լաստանավային ուղղությունով էին արտահանում, և ոչ մի խնդիր չի եղել: Դա կարող է համարվել ինչ-որ մասնավոր դեպք, որը լուծվել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, News.am-ի փխանցմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան արտահանմանը: 
:
«Մեզ համար շատ կարևոր են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները, և մենք այն զարգացնում ենք, բայց նաև էական ջանքեր, ռեսուրսներ ենք ծախսում և ժամանակ, որպեսզի դիվերսիֆիկացնենք մեր արտաքին տնտեսական հարաբերությունները նաև այլ ուղղություններով: Այդ ուղղություններով ունենք որոշակի հաջողություններ. օրինակ՝ ԱՄԷ-ի հետ վերջին երկու-երեք տարվա մեջ փոխադարձ առևտուրը տասնապատկվել է, և արդեն մեկ միլիարդից ավելի է, և այս տարի մեկուկես կամ գուցե երկու միլիարդ դոլարի կհասնի»,- ասաց նախարարը:

Շարունակելով արտաքին առևտրի թեման՝ Քերոբյանը նշեց, որ ապրանքների և ծառայությունների առևտրի մասով մենք առաջին անգամ կգերազանցենք մեր ՀՆԱ-ն. այսինքն՝ մեր ՀՆԱ-ից ավելի արտաքին առևտրաշրջանառություն կունենանք, և դա կլինի առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ:

Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների հետ կապված՝ Քերոբյանն ասաց, որ տարբեր մտավախություններ եղել են, բայց ընդամենը մտավախությունների մակարդակով. «Ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ մեր ընկերություններն աշխատում են ինտենսիվ իրենց գործընկերների հետ Ռուսաստանում»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նա նաև խոսեց տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիայի մասին և նշեց. «Նոյեմբերի 5-10-ը Շանհայում Չինաստանի ամենախոշոր միջազգային ցուցահանդեսին մասնակցելու ենք մեր տաղավարով: Այնտեղ ներկայացված են լինելու 20-ից ավելի ընկերություններ: Փետրվարին ԱՄԷ-ում մասնակցելու ենք խոշորագույն միջազգային ցուցահանդեսի, և ընդհանուր առմամբ մեր մասնակցությունը տարածաշրջանային ցուցահանդեսներին էապես դիվերսիֆիկացրել ենք: Մեզ համար շատ կարևոր է, որ արդեն առկա գործարար կապերն ամրապնդվեն և զարգանան, բայց մենք տեսնում ենք նաև շատ մեծ պոտենցիալ այլ ուղղություններով՝ նաև եվրոպական. մենք հիմա Գերմանիայի, ԱՄՆ-ի հետ գուցե շատ մոտ ենք երկկողմ առևտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարն անցկացնելուն: Էապես աճում է Ֆրանսիայի հետ առևտրաշրջանառությունը:

Մենք բոլոր հնարավոր ուղղություններով աշխատում ենք մաքսիմալացնել, որը շատ նորմալ է»:

Նմանատիպ նյութեր