211652_close_icon
views-count691 դիտում article-date 14:35 26-10-2023

Պատրաստ ենք կոմունիկացիաների բացմանը, եթե մյուս կողմը նման ցանկություն հայտնի. Ադրբեջանի վարչապետ

Ադրբեջանը պատրաստ է հաղորդակցությունների բացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Թբիլիսիում Մետաքսի ճանապարհի միջազգային ֆորումում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Ադրբեջանական կողմը շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, բայց դա կախված է ոչ միայն մեզանից։ Մենք պատրաստ ենք սկսել գործընթացը, եթե մյուս կողմը նման ցանկություն հայտնի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նույն միջոցառմանն իր ելույթում Փաշինյանն ասել էր, որ առանց ճանապարհների բացման Հարավային Կովկասում խաղաղության կառուցումն անհնարին է և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Նա հավելել էր, որ առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը՝ պարեկային ոստիկանության հետ համատեղ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջին սկզբունքն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ավտոճանապարհներն ու երկաթուղիները գործում են այն երկրների ինքիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

Նմանատիպ նյութեր