211652_close_icon
views-count1492 դիտում article-date 16:50 30-09-2023

Գիտեմ, որ ինձ էլ են պահանջելու, հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու․ Մովսես Հակոբյան

Ադրբեջանը Լաչինի անցակետում՝ Արցախից Գորիս մտնելու փորձի ժամանակ, ձերբակալել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին:

Տեղեկությունը դեռ երեկ հայտնել էր ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Մնացականյանի շրջապատից իր  աղբյուրին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ անցակետում ձերբակալվել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որին արդեն տեղափոխել են Բաքու, անմիջապես ծանր հանցագործությունների համար մեղադրանք առաջադրելուց հետո 4 ամսով կալանավորել են:

Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը երեք օր առաջ տեղեկացրել էր, որ Ադրբեջանն իրեն պահանջել է, որպեսզի ներկայանա Բաքու, և որպեսզի չվնասի Արցախում մնացած հայությանը, որոշել է գնալ Շուշի։ Մինչև այս պահը Դավիթ Բաբայանից որևէ տեղեկություն չկա։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասաց՝ կասկած չկա, որ հաջորդիվ իրեն է Ադրբեջանը պահանջելու։

«Մտահոգություններ չունեմ, բայց գիտեմ, որ ինձ էլ են պահանջելու։ Հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու»,- կարճ նշեց Մովսես Հակոբյանը։

Հարցին, թե 90-ականներին Ադրբեջանի զինված ուժերն Արցախում խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչական բազմաթիվ գործություններ է կատարել, այդ թվում՝ 2016 թվականի ապրիլյան, 44-օրյա պատերազմների, Ջերմուկի դեմ մարտական գործողությունների  և սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ, ինչո՞ւ հայկական կողմը ևս չի կազմել այդ ահաբեկիչների «սև ցուցակը» և այսօր ինչո՞ւ այն չի դնում սեղանին, Մովսես Հակոբյանը պատասխանեց.

«Ունեմ՝ 70 մլն-ի, հետո՞ ինչ, դրած է սեղանին, հետո՞։ Մի բան, որ մտածում են, պետք է կարողանան կյանքի կոչել, այսինքն՝ դա կյանքի կոչողներ ու հնարավորություններ են պետք»:
 

Նմանատիպ նյութեր