211652_close_icon
views-count36622 դիտում article-date 12:41 12-09-2023

Երևանում պարեկները հայտնաբերել ու «պլաշադկա» են տեղափոխել երկար ժամանակ դիվանագիտական համարներով չարամտորեն երթևեկության կանոնները խախտող Range Rover Sport-ը․ այն հաշվառված է ՀՀ-ում Իսրայելի հյուպատոսության հաշվեկշռում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Վաղարշակ Սարգսյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել դիվանագիտական համարանիշներով Range Rover Sport մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում տեղեկություններ էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը, իրեն համարելով արտոնյալ, Երևանում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարում է երբեմն հանդիպակաց գոտիով, անցնում է կարմիր լույսի տակով ու վթարային իրավիճակներ է ստեղծում վարորդների համար, այն հույսով, որ ավտոմեքենայի վրա փակցված դիվանագիտական համարներն անձեռնամխելի է և ինքը կարող է կոպիտ կերպով խախտումներ անի և մնա անպատիժ։

Երեկ՝ ժամը 02։20-ի սահմաններում, ավագ պարեկ Ռ․ Եղիազարյանն ու պարեկ Վ․ Սարգսյանը Գայի պողոտայում նկատում են, որ նշված Range Rover-ի վարորդը մեծ արագությամբ, բարձր երաժշտությամբ երթևեկում է։

Պարեկները բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնի, սակայն ոչ միայն չի ենթարկվում պարեկների օրինական կանգառ հրահանգին, այլև դիմում է փախուստի՝ ավտոմեքենան վարելով երբեմն հանդիպակաց, չկանգնելով նույնիսկ կարմիրի տակ։

Ի վերջո, «Ռենջ ռովիստը» չի կարողանում ճողոպրել պարեկներից և Բագրևանդի փողոցում «Մատրյոշկա» ակումբի մոտ կանգնեցնում են նրան, որից հետո ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարծք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության հաշվեկշռում, վարորդն էլ 47-ամյա Դավիթ Կ․-ն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր