211652_close_icon
views-count1165 դիտում article-date 23:27 04-09-2023

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների բազմակի խախտման և ոտնահարման փաստերի վրա։

Միության տարածած հայտարարության մեջ ասված է.
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը մեծապես կարևորում է 1953թ․ սեպտեմբերի 3-ի Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որն ուժի մեջ մտնելուց ի վեր, ստորագրվել և վավերացվել է 46 երկրների կողմից՝ որպես մարդու իրավունքների,
ժողովրդավարության և իրավունքի գերակայության պաշտպանությանը միտված միջազգային պայմանագիր: Ադրբեջանի կողմից այն ստորագրվել է 2001թ․ հունվարի 25-ին, վավերացվել և ուժի մեջ է մտել 2002թ․ ապրիլի 15-ին։

Չնայած Կոնվենցիայով սահմանված պարտավորությունների ստանձնմանը՝ Ադրբեջանն արդեն 9 ամիս ապօրինի կերպով շրջանցելով 2020թ․նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքով երկկողմ ազատ և անխոչընդոտ երթևեկության ապահովման հանձնառությունը, շրջափակման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի՝ միտումնավոր առաջացնելով հումանիտար աղետ և էթնիկ զտման սպառնալիք։ 2023թ․ հունիսի 14-ից ի վեր իսպառ դադարեցվել է սննդի, հուլիսի 7-ից՝ դեղորայքի մատակարարումը։ Այսօր 2000 հղի կին, մոտ 30 000 երեխա, 20 000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձինք պայքարում են թերսնման պայմաններում գոյատևելու համար: Լեռնային Ղարաբաղում արդեն գրանցվել է սովամահության դեպք, սննդի և տրանսպորտային փոխադրամիջոցների անհասանելիության պատճառով մահացել են անչափահաս երեխաներ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների բազմակի խախտման և ոտնահարման փաստերի վրա։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝
I բաժնի II հոդվածի 1-ին կետն արգելում է որևէ մեկին դիտավորությամբ զրկել կյանքից, մինչդեռ Ադրբեջանի ձեռնարկած միտումնավոր շրջափակումը ակնհայտորեն հետապնդում է Լեռնային Ղարաբաղի հայության ֆիզիկական ոչնչացման նպատակ,
I բաժնի III հոդվածի համաձայն ոչ ոք չպետք է ենթարկվի անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի, մինչդեռ Ադրբեջանի հարուցած պայմաններն ավելի քան անմարդկային են, իսկ Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ հնչող հայտարարությունները՝ նվաստացուցիչ,
I բաժնի V հոդվածի 1-ին կետի համաձայն ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել, բացառությամբ (գ մասով), եթե առկա է իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկած, մինչդեռ Ադրբեջանը Լաչինի ապօրինի անցակետից Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հովանավորության տակ գտնվող և բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին առևանգել է և պահում է անազատության մեջ՝ պատերազմական հանցագործի անհիմն մեղադրանքով։

Ադրբեջանի գործելակերպը հակասում է նաև VI հոդվածի դրույթներին, որոնցով մարդիկ ունեն արդար դատաքննության իրավունք
I բաժնի IX հոդվածը սահմանում է մտքի, խղճի և կրոնի ազատություն, մինչդեռ Ադրբեջանը 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում ոտնահարում և խեղաթյուրում է քրիստոնեական արժեքները՝ քանդելով կամ վերափոխելով հայկական եկեղեցիներն ու սրբավայրերը։

I բաժնի XIII հոդվածը սահմանում է, որ Կոնվենցիայով ամրագրված իրավունքների և ազատությունների խախտման դեպքում յուրաքանչյուր ոք ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք։ Ադրբեջանական իշխանությունների հարուցած միտումնավոր խախտումների և սահմանափակումների դեմ անհրաժեշտ է ստեղծել միջազգային իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, որը կապահովի սույն Կոնվենցիայի XIV հոդվածով նախատեսված խտրականության արգելումը։

XIV հոդվածը արգելում է խտրականությունը և սահմանում որ Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հայությունը զրկանքներ է կրում տասնամյակներով Ադրբեջանում պետականորեն խրախուսվող հայատյացության, էթնիկ խտրականության հետռևանքով:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի Արձանագրությունը, ի լրումն Կոնվենցիայի I Բաժնի, սահմանում է նաև.
գույքից անարգել օգտվելու իրավունք, սակայն Ադրբեջանի կողմից գյուղատնտեսական աշխատանքների թիրախավորումը անհնար է դարձնում վարելահողերի և գյուղատնտեսական տեխնիկայի անարգել և անվտանգ շահագործումը,
կոնվենցիան հավելում է նաև կրթության իրավունքի ապահովումը, մինչդեռ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը անհնար է դարձնում կրթության իրավունքի անխոչընդոտ իրացումը։

Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար հիմնվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը 2022թ.-ի դեկտեմբերի 21-ի որոշմամբ Բաքվին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու միջանցքով Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին առանց սննդի և գոյության անհրաժեշտ միջոցների մնացած այլոց տեղաշարժը, իսկ 2023թ.-ի հուլիսի 17-ին վերահաստատել, որ նախկին որոշումն ուժի մեջ է:

Այս ամենով հանդերձ,
Կոչ ենք անում միջազգային հանրությանը.
ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կանխելու 21-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը՝ 120 հազար հայերի էթնիկ զտումը,
գործուն քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների երկկողմ անխափան տեղափոխությունն ապահովելու,
կենսագործունեության արժանապատիվ պայմանների ստեղծման և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ու միջազգային այլ փաստաթղթերով սահմանված Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և ազատությունների լիակատար ապահովման համար։

Կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին.
հարգել և կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունները,
կատարել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը և նպաստել ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձին Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո,
կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022թ.-ի դեկտեմբերի 21-ի որոշումը և ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով տեղաշարժը»:

Նմանատիպ նյութեր