211652_close_icon
views-count53502 դիտում article-date 14:27 25-08-2023

Կրակոցներ Տավուշի մարզում. «Հայանտառ ՊՈԱԿ»-ի մի շարք պաշտոնյաների միջև վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ. մասնակիցների մեջ են տնօրենի տեղակալներ, Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյաներ ու անտառապետ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ին կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Իջևանի անտառտնտեսության 7-րդ պահաբաժնի տարածքում Տավուշի մարզի բնակիչ 43-ամյա Արտաշես Մատինյանը ինքնաձիգից կրակոցներ է արձակել։ 

Երեկ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմուքի ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի «Աշոտ Երկաթ» կոչվող տարածքից ձերբակալվել և Ոստիկանության Իջևանի բաժին է տեղափոխվել Ա. Մատինյանը։ 

Ըստ ստացված օպերատիվ տվյալների՝ այդ օրը Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ ՊՈԱԿ»-ի տնօրենի տեղակալ, Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Սիմոն Պետրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ ՊՈԱԿ»-ում որպես տնօրենի տեղակալ աշխատող Երևանի բնակիչ 64-ամյա Սեպուհ Քոչարյանը, նույն նախարարության գլխավոր մասնագետ, Երևանի բնակիչ 40-ամյա Աշոտ Ավագյանը և Կոտայքի մարզի բնակիչ, նույն նախարարության գլխավոր մասնագետ 55-ամյա Մանվել Դավթյանը «Հայանտառ ՊՈԱԿ»-ի անտառտնտեսության 7-րդ պահաբաժնի տարածքում իրականացրել են ստուգումներ, որի ժամանակ Ա. Մատինյանի մոտ առաջացած դժգոհությունների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Մատինյանի և Ս. Պետրոսյանի միջև, որից հետո Ա. Մատինյանն իր մոտ պահվող ապօրինի ինքնաձիգից մի քանի կրակոցներ է արձակել օդ՝ այդ կերպ փորձելով վախեցնել Ա. Պետրոյանին։

Դեպքի փաստով Ոստիկանության Իջևանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի  Տավուշի մարզային քննչական վարչություն։ 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։






 

Նմանատիպ նյութեր