211652_close_icon
views-count757 դիտում article-date 19:15 18-08-2023

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ընդունել է ԱՄԷ դեսպանին

Օգոստոսի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ Մուլլային։

Նախարարը ողջունելով դեսպանին՝ շնորհավորել է նշանակման կապակցությամբ։ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ ներքին գործերի նախարարության և ԱՄԷ դեսպանության միջև ձևավորված սերտ համագործակցությունը: Նա նաև ներկայացրել է նախարարության կազմավորման և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների մասին։

ՆԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունն ավելի կզարգանա, և վերահաստատել է այդ ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նարիման Ալ Մուլլան մատնանշել է երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու պատրաստակամություն է հայտնել համագործակցել մի շարք ուղղություններով։

Այս համատեքստում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը խոսել է Ջրային պարեկային ծառայության ստեղծման մասին։ Հայտնելով, որ ծառայությունը կսկսի գործել ամիսներ անց՝ փոխնախարարը ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ հատկապես առանձնացնելով ծառայողների վերապատրաստման և նյութատեխնիկական բազայի ձևավորման գործընթացները։ ՆԳ նախարարի տեղակալն առաջարկել է ոլորտի վերաբերյալ համագործակցության հնարավոր ուղղություններ։

Հանդիպմանը քննարկվել են նաև ծառայություններում նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները, ինչպես նաև Փրկարար ծառայության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ հարցեր։

Նմանատիպ նյութեր