211652_close_icon
views-count3088 դիտում article-date 23:52 15-08-2023

Իմ բանտախցում ես ավելի ազատ եմ և հանգիստ խղճով․ Աշոտյանը՝ իր 2-ամսյա կալանքի մասին

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է իր կալանավորմանն առնչվող գրառում։

«Այսօրվանից իմ ապօրինի ազատազրկումն երկարացվեց ևս 2 ամսով։

Այս հարցով դատական նիստը ոչ միայն օրենքների և արդարադատության, այլև բարոյականության, բանականության և ճշմարտության նկատմամբ զանգվածային բարբարոսություն էր»,- նշված է Աշոտյանի անունից հրապարակված գրառման մեջ։

«Պատահական չէ, որ ամբողջությամբ մեկ մարդու` Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարվող դատաիրավական համակարգի ներկայացուցիչները վախվորած մերժեցին իմ փաստաբանների միջնորդությունը կալանքիս երկարացման դատական նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ` խնայելով ձեզ և թաքցնելով մեղադրող կողմի միջնորդության ողջ սնանկությունը և բացահայտ քաղաքական հիմքով հետապնդումը։

Հայաստանում դեմոկրատիայի զարգացման վերաբերյալ գեոպոլիտիկ էքստազ բեմականացնող միջազգային կառույցները կշարունակեն լուռ մնալ երկրում մոլեգնող բռնաճնշումների վերաբերյալ։

Իրենց մոտեցումը շատ պարզ է. Նիկոլը երկրում կարող է անել ինչ ուզում է, քանի դեռ երկրից դուրս անում է այն, ինչ իրենք են ուզում։

Իմ և քաղաքական հետապնդումների ենթարկվող մյուս գործիչների այսօրվա խնդիրները խամրում են իրենց կարևորությամբ և սրությամբ հումանիտար աղետի ենթարկվող արցախահայության ազատ ապրելու պայքարի համեմատ։

Մեծ հաշվով, երկրի ներսում մոլեգնող վակխանալիան Արցախի և Հայաստանի ապագայի համար մղվող դիմադրությունը կոտրելու լկտի, վախկոտ և բարոյազուրկ ոհմակի սանձարձակ դրսևորումն է։

Այո, իմ բանտախցում ես ավելի ազատ եմ և հանգիստ խղճով, քան Նիկոլը Սևանի իր կառավարական առանձնատանը։

Շնորհակալություն եմ հայտնում տասնյակ հազարարավոր հայրենակիցներիս, պայքարի ընկերներիս, հայրենասեր և ազնիվ քաղաքացիներին, լրատվամիջոցներին, իմ պաշտպանական թիմին, կուսակցությանս և ընտանիքիս` իրենց աջակցության և համերաշխության համար։

Պայքարը շարունակվում է։

Դեռ կհանդիպենք»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր