211652_close_icon
views-count613 դիտում article-date 15:30 15-08-2023

Արցախը տասնամյակներով եղել է Հայաստանի անվտանգային ու դիվանագիտական պատվարը. Հայրապետյան

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի կեղծ խոսույթ կա, որն ինտենսիվորեն տարածում են և' ադրբեջանա֊թուրքական քարոզչական աղբյուրները, և' ՀՀ իշխանական պրոպագանդիստները։

Խոսույթը հետևյալն է` Արցախը հայտնվել է այս վիճակում, քանի որ ՀՀ իշխանությունները չեն կատարում Մեղրիի ճանապարհի հետ կապված Ադրբեջանի պահանջը կամ այլ կերպ ասած` «միջանցք» չեն տալիս։ Թուրքական ու ադրբեջանական քարոզիչները դա տարածում են, քանի որ իրենք ուզում են հայ հանրությունը մտածի, որ իրենք ընդամենը ճնշումների քաղաքականություն են բանեցնում` մեկը մյուսի դիմաց տրամաբանությամբ։

ՀՀ իշխանություններին էլ պետք է, որ հայ հանրությունը մտածի, որ Արցախի հետ կապված իրենց հակապետական վերաբերմունքը մի նպատակ ունի` փրկել Սյունիքն ու ՀՀ֊ն։

Ինչու՞ է այս թեզը կեղծ։ Պարզ պատճառով, որովհետև մեր հակառակորդներին պետք չէ միայն Արցախը կամ միայն Սյունիքը, իրենց պետք է և' Արցախը, և' Սյունիքը և բազմաթիվ այլ տարածքներ, առհասարակ` իրենց պետք է, որ չլինի հայոց պետականությունը։

Ի տարբերություն մեզ` իրենք հոյակապ գիտեն, որ հենց Արցախով է ՀՀ֊ն ուժեղ, Արցախը տասնամյակներով եղել է Հայաստանի անվտանգային ու դիվանագիտական պատվարը։ Այսօրվա հարձակումները ՀՀ֊ի վրա կատարվում են Արցախի օկուպացված շրջաններից, ընդ որում` հենց այն շրջաններից, որոնք թղթով հանձնվել են Ադրբեջանին, օրինակ` Քարվաճառից։

Ուստի Սյունիքը և առհասարակ հայոց պետականությունը պահելու համար կարևոր է չհրաժարվել Արցախից, չանել քայլեր, որոնց հետևանքով մենք կորցնելու ենք այդ փոքր, բայց անասելի կարևոր հողակտորը, որը հայկական պահելու համար այնքան կյանք ու ջանք է դրվել տասնամյակներ շարունակ։ Բոլոր այն մարդիկ, որոնք Արցախից հրաժարումը դիտում են որպես Հայաստանը փրկելու ձև կամ ուղղակի չունեն պատմության և քաղաքականության մասին համարժեք գիտելիքներ կամ էլ դավաճան են, այլ բացատրություն ինձ համար դժվար է գտնել նման քարոզով զբաղվողների համար»։

 

Նմանատիպ նյութեր