211652_close_icon
views-count742 դիտում article-date 17:21 03-08-2023

Արցախի ՄԻՊ-ը ողջունել է «Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնի» անդրադարձն Արցախին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ ողջունում են «Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոն» (Global Centre for the Responsibility to Protect) կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը ահազանգում է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակի մասին։

«Ավելի քան յոթ ամիս Ադրբեջանի իշխանությունները շրջափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ։ Շրջափակումը Լեռնային Ղարաբաղում ապրող ավելի քան 120,000 էթնիկ հայերի, այդ թվում՝ 30,000 երեխաների զրկել է կենսական ռեսուրսներից, ինչպիսիք են սնունդը, դեղորայքը, էլեկտրաէներգիան և վառելիքը։

Մարդասիրական օգնության կանխամտածված և անօրինական մերժումը կարող է համարվել ռազմական հանցագործություն և մարդկության դեմ հանցագործություն:

Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ վերացնեն Լաչինի միջանցքի շրջափակումը և թույլատրեն խաղաղ բնակիչների և ապրանքների անխոչընդոտ և անվտանգ անցումը միջանցքով, ինչպես նաև երաշխավորեն մարդասիրական անարգել մուտքը՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան»,- նշված է հայտարարության մեջ։

«Միջազգային իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչների կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակի վերաբերյալ ահազանգող հայտարարություններն ու իրավիճակի հասցեականն գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային տարբեր դերակատարների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար»,- գրել է Արցախի ՄԻ պաշտպանը։

Նմանատիպ նյութեր