211652_close_icon
views-count1030 դիտում article-date 14:57 31-07-2023

ՀՀ կառավարությունը պետք է վերջ դնի լրագրողների նկատմամբ առցանց ոտնձգություններին․ Լրագրողների Եվրոպական ֆեդերացիա

Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել է Հայաստանի Ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությանը՝ դատապարտելով Հայաստանի կառավարության աջակիցների կողմից սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում Ղարաբաղում լարված իրադարձությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո սկսած վիրավորանքների և ոտնձգությունների արշավը:

«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դատապարտել այդ սպառնալիքները և պատասխանատվության ենթարկել ու պատժել մեղավորներին: Մահվան և ֆիզիկական բռնության սպառնալիքների թիրախ են դարձել որոշ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը:

Ժուռնալիստների միությունը դատապարտել է կառավարությանը մոտ կանգնած ակտիվիստների և որոշ պետական պաշտոնյաների կողմից կազմակերպված կանխամտածված հարձակումը: Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև մեղադրել է վարչապետին՝ ատելության այդ առցանց քարոզարշավը խրախուսելու մեջ: Միությունը հարցը փոխանցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին:

«Լրագրողներն աշխատում են իրական տեռորի պայմաններում,-ասել է ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը,-նրանք իսկապես վտանգի տակ են»:

Լրագրողների Եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ հրապարակայնորեն դատապարտել այդ սպառնալիքները և բացահայտել, հետապնդել և պատժել մեղավորներին, հատկապես, եթե նրանք պետական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչներ են»,-ասված է հայտարարության մեջ:
 

Նմանատիպ նյութեր