211652_close_icon
views-count136714 դիտում article-date 15:45 25-07-2023

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Մարտունու և Վարդենիսի մարդատար ГАЗель-ներն ու Lexus-ը. կա 10-ից ավելի վիրավոր, որոնց մի մասը հիվանդանոցներ են տեղափոխվել պարեկային ավտոմեքենաներով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, «Նոյ Լենդ» հանգստյան գոտու հարևանությամբ բախվել են 2 մարդատար ГАЗель և Lexus GX մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը «Սևան» բժշական կենտրոն, մի մասը՝ «Գավառ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներն ու օպերատիվորեն ժամանած «Սևան» և «Գավառ» բժշկական կենտրոնների շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոցներ տեղափոխելը՝ վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի, վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել են և ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։ 

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Ավետիսյանի և ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարված ГАЗель-ներից մեկը Մարտունու, մյուսը Վարդենիսի երթուղիները սպասարկող ГАЗель-ներն են։

Քիչ առաջ Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վթարված ГАЗель-ներից մեկը կապ չունի Մարտունու երթուղու հետ, մասնավոր ընկերություններից մեկի ГАЗель է, որով ուղևորներ են տեղափոխել։ Ավտոմեքենայի դիմապակու վրա էլ գրված է՝ պատվերով, ինչը նշանակում է, որ նա պատվեր կատարող ГАЗель է։ Իսկ Sprinter-ը սպասարկում է Վարդենիս-Երևան 311 երթուղին, որի մեջ եղել է 15 ուղևոր։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր