211652_close_icon
views-count982 դիտում article-date 14:25 09-07-2023

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

Հուլիսի 8-ին Խորվաթիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Երկարատև խաղաղության հասնելու համատեքստում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը: 

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ագրեսիվ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված անվտանգային և մարդասիրական խնդիրներին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանն ուղղված՝ Բաքվի քաղաքականության կանխման նպատակով միջազգային կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից ադրբեջանական կողմը խոչընդոտներ է ստեղծում անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ԼՂ անարգել մարդասիրական հասանելիության համար:  

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկու երկրների միջև հարաբերությունների, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության գերակայությունների և առկա մարտահրավերների շուրջ:

Նմանատիպ նյութեր