211652_close_icon
views-count928 դիտում article-date 18:09 28-06-2023

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խորապես դատապարտում է Կասյան փողոցն անվանափոխելու եղկելի քայլը

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
 
«Երեկ, Երևանի ավագանու նիստի որոշումը՝ կապված Կասյան փողոցն անվանափոխելու հետ, մեզ համար նորություն չէր։

 Սեփական ազգի պատմությունը չիմացող այս երիտասարդների խմբակը դեռ 2017-ին էր փորձում իրականացնել այն, սակայն ի պատիվ այն ժամանակվա իշխանությունների, դա տեղի չունեցավ։
 Սարգիս Կասյանը հայ ժողովրդի պանծալի զավակներից է, որի շնորհիվ նաև հնարավոր եղավ իսպառ կործանումից փրկել Հայաստանը։ Սա պարզ ճշմարտություն է, իսկ մնացյալ բոլոր պնդումները կեղծ են և մերկապարանոց, զուրկ որևէ փաստական հիմքից։

 Այս իրավիճակը նոր չէ և հետևանքն է գործունեության այն քաղաքական ուժի, որն ուզուրպացրել էր «Երևանի պետական համալսարանի» պատմության ամբիոնը, «Պատմության ինստիտուտը», իսկ նախկին Խորհրդային Միության ժամանակ կրթված և մարդ դարձած պատմասանները՝ լծված տերերի շառաչուն կառքին, նրանց հետ միաբերան հայհոյում և սևացնում էին խորհրդային անցյալն ու մեր հերոսներին, այդ կերպ փորձելով վրեժխնդիր լինել իրենց չկայացվածության համար։ Հերթը ձեզ էլ կհասնի։

 Երևանի ավագանուց՝ իր գործունեության մեջ ձախողված այդ մի բուռ ճիզվիտների խմբակից որևէ բան սպասել կամ ակնկալելը անօգուտ է։ Դուք անպայման կարժանանաք պատմության դատաստանին, ինչպես որ այսօր վայելում եք հայության համաժողովրդական ատելությունն ու հայհոյանքները։

 Միշտ հիշեք, Սարգիս Կասյանի ջանքերի շնորհիվ նաև չեղարկվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը և թշվառ, որբի ու արցունքի երկիր, 9 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը դարձավ համայն հայության հայրենիք՝ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքով։ Դուք միայն ավերում և փոքրացնում եք Հայաստանը, դրա համար էլ Կասյան փողոցի անվանափոխումը տրամաբանական շարունակությունն է ձեր գործունեության։

 Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խորապես դատապարտում է այս եղկելի քայլը և այն իրականացրած գործիչներին։

 Ժամանակն ամեն բան կդնի իր տեղը, Սարգիս Կասյանի անունով կրկին կկոչվեն փողոցներ, իսկ այս ճղճիմ որոշման հեղինակն ու կամակատարները կհայտնվեն պատմության՝ բոլորիս կողմից ծանոթ վայրում։                      
ՀԿԿ Կենտկոմ
Երևան    2023թ․»։

Նմանատիպ նյութեր