211652_close_icon
views-count1087 դիտում article-date 11:46 26-06-2023

Բաքուն որդեգրել է հայերին խոշտանգումների ենթարկելու քաղաքականություն․ այդ հանգամանքը պետք է արժանանա պատշաճ գնահատականի․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ, հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը:

Խոշտանգումը շարունակում է մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։ Որևէ հանգամանք, այդ թվում՝ պատերազմ կամ պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունություն կամ արտակարգ այլ իրավիճակ չի կարող արդարացնել խոշտանգումները:

Ցավոք, հանցագործության այս տեսակը տարածված է մի շարք երկրներում՝ չնայած քրեականացված լինելու հանգամանքին:

Ցանկանում եմ հատուկ անդրադարձ կատարել ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու առումով։ Այդ հանգամանքը պետք է արժանանա պատշաճ գնահատականի:

Պաշտպանը տարեկան ու արտահերթ զեկույցներում մշտապես ընդգծել է մարդու հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի թերությունները։ Դրանք հատկապես ակներև են անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու հետևանքով վրա հասած ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգերի բացակայության պարագայում:

Չնայած ոլորտը կատարելագործելու ուղղությամբ ձեռնարկված քայլերին` ՄԻՊ աշխատակազմում շարունակվում են դիմում-բողոքներ և ահազանգեր ստացվել քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգման առերևույթ դեպքերի վերաբերյալ։

Պաշտպանն այդ հանգամանքը մտահոգիչ է համարում և ընդգծում, որ խոշտանգման և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի։

Ավելին, պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերին արագ ու համարժեք արձագանքելու, արդյունավետ քննություն ապահովելու և արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև խոշտանգումները կանխարգելելու ուղղությամբ։ Հակառակ իրավիճակը ձևախեղելու է իրավական պետությանը բնորոշ բոլոր արժեքները:

Աշխատանքների անհրաժեշտություն կա նաև խոշտանգում վերապրած անձանց և նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ՝ ներառյալ անհատական հոգեբանական, բժշկական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման միջոցով:

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, ամենօրյա աշխատանքով մեր հանրապետությունում փորձում է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը բացառված կլինեն»։

Նմանատիպ նյութեր