211652_close_icon
views-count811 դիտում article-date 16:30 23-06-2023

ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը ողջունելի է. Արթուր Թովմասյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը ողջունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Խորհրդարանի նախագահի ողջույնի խոսքում ասվում է.

«Տևական ժամանակ է, ինչ  Արցախի ժողովուրդը տոտալ շրջափակման մեջ է՝ վերջին շաբաթվա ընթացքում զրկված լինելով նույնիսկ մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից: Միջազգային հանրության աչքի առաջ, փաստորեն,  ոտնահարվում է հայրենի բնօրրանում հայ բնակչության ապրելու իրավունքը։

Այս ամենի համապատկերում ողջունելի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում Ադրբեջանին ապաշրջափակել միջանցքը, անհապաղ կատարել ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության Հաագայի միջազգային դատարանի որոշումները, վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, ապահովել տրանսպորտի և մարդկանց երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ։

Կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանին հասցեական կոչ է արվում հրաժարվել հայության դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը լուծել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև միջազգային չեզոք ներգրավման  ապահովման միջոցով:

Վեհաժողովն Ադրբեջանին կոչ է անում Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը հրավիրել փաստահավաք առաքելությամբ այցելելու Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Վեհաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ այլ միջազգային կազմակերպությունների՝ ներառյալ ՄԱԿ հաստատություններին,  մուտք գործել տարածաշրջան։

Այդ համատեքստում հայտնում ենք, որ խաղաղությանն ուղղված ցանկացած մեխանիզմի կիրառում ընդունելի է մեր կողմից, ողջունելի են միջազգային դիտորդական, փաստահավաք առաքելությունները, որոնք լույս կսփռեն առկա իրավիճակի վրա ու կզսպեն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:

Կարևոր է նաև Վեհաժողովի այն շեշտադրումը, որ ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել հայ բնակչության կողմից իր բնօրրանը լքելուն:

Ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա, որն իր օրեցօր սաստկացող հակահայ հռետորաբանությամբ ու սադրիչ գործողություններով էլ ավելի է սրում լարվածությունը տարածաշրջանում ու փակուղի մտցնում  հակամարտությունը»:

Նմանատիպ նյութեր