211652_close_icon
views-count952 դիտում article-date 21:53 22-06-2023

ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը

Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

«Ադրբեջանի պատվիրակությունն արեց ամեն ինչ` բանաձևը փոփոխելու կամ դրա ընդունումը տապալելու համար, բայց ոչինչ չստացվեց։ Նրանց առաջարկած մոտ 60 փոփոխությունները մերժվեցին և բանաձևն ընդունվեց։ Ի հեճուկս Ադրբեջանի պնդումների՝ ԵԽԽՎ բանաձևը հստակ արձանագրում է, որ Լաչինի միջանցքով չկա ազատ և անվտանգ տեղաշարժ։

Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, կոչ է արվում Ադրբեջանին վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։

Ադրբեջանին նաև հասցեական կոչ է արվում հրաժարվել հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից։

Բանաձևում, ի թիվս այլ կետերի, մասնավորապես, արձանագրվում է. Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ընդհատումով և դրան հաջորդած էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման կանխամտածված դադարեցմամբ։

Վեհաժողովը ցնցված է այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ընդունում ներկա իրավիճակից բխող լրջագույն հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված հետևանքները: Վեհաժողովը խորապես ափսոսում է, որ ԵԽԽՎ զեկուցողն իր փաստահավաք այցի ընթացքում չի հրավիրվել Ադրբեջան և չի կարողացել մեկնել Լաչինի միջանցք։

Վեհաժողովը շեշտում է, որ ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել նրան, որ հայ բնակչությունը պարտադրված լինի լքել իրենց տներն ու համայնքները, եթե հակամարտությունը լուծում չստանա: Այս համատեքստում Վեհաժողովը կոչ է անում հրատապ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջոցով, ինչպես նաև ապահովել միջազգային չեզոք ներգրավում՝ խաղաղությանն ուղղված ցանկացած մեխանիզմի կիրառման համար։

Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին առանց ավելորդ երկարաձգման կատարել 2022 թ․ դեկտեմբերի 21-ին կիրառված ՄԻԵԴ միջանկյալ միջոցները։ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին հրատապ կերպով կատարել նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին հրավիրել Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը փաստահավաք առաքելությամբ այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Վեհաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ այլ միջազգային կազմակերպություններին՝ ներառյալ ՄԱԿ հաստատություններին, մուտք գործել տարածաշրջան։

Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին իրապես կառուցողական և խաղաղ մոտեցում ցուցաբերել հարևան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ: ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում գործադրել բոլոր ջանքերը երկու ուղղություններով Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի համար: ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը և հայերի հետ համաձայնեցնել հայկական, ոչ թե՝ ադրբեջանական տարածքով անցնող գազի և էլեկտրացանցի մատակարարման նոր երթուղին:

Վեհաժողովը խիստ մտահոգված է Ադրբեջանի ղեկավարության՝ ամենաբարձր մակարդակով հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությամբ և հորդորում է Ադրբեջանին հրաժարվել նման հռետորաբանությունից և քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի, այդ թվում՝ հանրության և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող, այնպես էլ ատելության հողի վրա հանցագործությունների դեմ պայքարելու համար»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր