211652_close_icon
views-count685 դիտում article-date 12:53 20-06-2023

ՀՀ նախագահը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ: Տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանը մանրամասն խոսել է հայաստանյան տնտեսական կյանքի առանձնահատկությունների և ազատական տնտեսության հնարավորությունների մասին:

Նախագահն ընդգծել է, որ անձամբ շատ ուշադիր է, որպեսզի ներդրումային միջավայրը գրավիչ լինի բիզնեսի և ուղղակի ներդրումների իրականացման համար: Այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է վերջին տարվա ընթացքում Հայաստանում արված ուղիղ ներդրումների զգալի աճին, ինչպես նաև գործարարների ներհոսքին՝ մի շարք երկրներից:

Հանրապետության նախագահը շեշտել է, որ արտասահմանյան ձեռներեցների և կազմակերպությունների հետաքրքրվածությունը Հայաստանում բիզնես գործունեությամբ զբաղվելու հարցում արդյունք է նաև երկրում գործարարության համար անհրաժեշտ գրավիչ միջավայրով և բյուրոկրատական հեշտացված մեխանիզմների ներդրման:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակին և վերջինիս ազդեցությանը տարածաշրջանի երկրների տնտեսական կյանքի վրա:

Անմիջական մթնոլորտում պատասխանելով ներկաների հարցերին, նախագահը մանրամասներ է ներկայացրել հայաստանյան էներգետիկ անվտանգության առանձնահատկությունների, ատոմակայանի շահագործման և էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող երկրների հետ Հայաստանի հարաբերություններում առկա խոչընդոտների և հնարավորությունների, ինչպես նաև մակրոտնտեսական նշանակության հաղորդակցության ուղիներում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել առաջիկայում կրկին հանդիպել գործարարներին՝ արդեն Հայաստանում, և քննարկել առարկայական ծրագրեր՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել նրանց ներդրումային նախաձեռնություններին:

Նմանատիպ նյութեր